Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բողոքում են՝ իրենց օրերով դիմակ չեն տալիս, տվածն էլ՝ կասկածելի ծագման են. Ոստիկանությունը՝ հավաստիացնում՝ դիմակը տալիս են 3 ժամը մեկ փոխելու հաշվարկով

Ապրիլ 06,2020 18:45

Aravot.am-ը այս օրերին փողոցներում պարեկային ծառայություն իրականացնող  ոստիկաններից ահազանգեր է ստանում, որ ոստիկաններին տրամադրվող դիմակները անորակ են, երբեմն անհայտ ծագման եւ  չեն համապատասխանում սանիտարական դիմակի պահանջներին:

Բացի այն, որ այդ դիմակները հարմարավետ չեն կրելիս՝  կտորն անորակ է, տհաճ հոտով, անհարմար կապիչներով եւ այլն, անվտանգության տեսակետից էլ վստահություն չեն ներշնչում՝ քանի որ շատ դեպքերում չեն համապատասխանում բժշկական դիմակների պահանջներին:

Տեսանյութում սպիտակ գույնով պաշտպանիչ դիմակը Ոստիկանության տրամադրածն է, երկնագույն դիմակը՝ դեղատնից գնվածը, որտեղ պարզ երեւում է որակների տարբերությունը:

Նրանց խոսքով, ոստիկանները, նույնպես, ռիսկի խմբում են եւ պետք է, ինչպես հարկն է,  պաշտպանված  լինեն՝ հակառակ դեպքում քաղաքացիների մոտ էլ ոստիկանների նկատմամբ անվստահություն է առաջանում, որ ոստիկանն էլ , որը ռիսկի խմբում է, պաշտպանված չէ։

Ի դեպ, մեզ դժգոհություն ներկայացրած ոստիկանները նաեւ նշեցին, որ տնտեսական վարչությունը՝ նրանց լեզվով ասած՝ «խոզոն» գուցեեւ համապատասխան քանակի դիմակներ ձեռք է բերում, բայց փաստ է, որ ստորաբաժանումները օրերով դիմակ չեն ստանում եւ մեկ դիմակը մի քանի օրվա համար է տրվում: Ոստիկանները, որոնց անունները հասկանալի պատճառով չենք հրապարակում, մեզ հետ զրույցում հայտնեցին, որ արտակարգ դրության առաջին իսկ օրվանից էլ ստիպված են լինում իրենց գրպանի հաշվին դեղատներից դիմակներ ձեռք բերել, որպեսզի օրվա ընթացքում դրանք փոխեն:

Որ ոստիկաններն իրենց միջոցներով են դիմակ ձեռք բերում, ըստ մեր զրուցակիցների, այդ մասին է վկայում այն, որ նույն ստորաբաժանման ոստիկանները, որոնք նույն վայրում ծառայություն են իրականացնում, տարբեր արտադրության, տարբեր գույների դիմակներով են:

Ոստիկանների խոսքով, նույնն էլ ձեռնոցների դեպքում է: Ըստ նրանց, ձեռնոցները անձնակազմին տալիս են մեկ հատ` ողջ օրվա համար:

Ոստիկանների բողոքների առնչությամբ, Aravot.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ Ոստիկանություն: Հետաքրքրվել էինք՝ ո’ր ընկերության  կամ ընկերությունների սանիտարական դիմակներն է Ոստիկանությունը ձեռք բերում: Հարցրել էինք նաեւ, թե վերջին անգամ ոստիկանությունը ե՞րբ է դիմակների գնում կատարել, ի՞նչ եղանակով, դիմակներն ի՞նչ հաճախականությամբ են տրամադրվում փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկաններին, օրվա ընթացքում 1  ոստիկանին քանի՞ դիմակ է հատկացվում:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեր հարցերին ի պատասխան, հայտնեցին, որ Covid-19 կորոնավիրուսի պատճառով 16.03.2020 թվականից Հայաստանի հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ, ոստիկանության ծառայողների համար, Ոստիկանության բժշկական վարչության կողմից ձեռք են բերվել տարբեր պարբերականությամբ՝ 140 000 պաշտպանիչ դիմակ: Գնումներն իրականացնում է Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունը՝ բժշկական վարչության փաստացի ձեռք բերած ապրանքների հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

Ըստ Ոստիկանության, դիմակները տրամադրվում են արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ 1 դիմակը 3 ժամվա հաշվարկով:

Ոստիկանությունը տրամադրեց նաեւ այն ընկերությունների ցանկը, որոնք այս կառույցին պաշտպանիչ դիմակներ են մատակարարել: Դրանք են՝ «Աբելյան ԴՁ» ԲԲԸ-ն, «Գայանե Սաքոյան» ԱՁ-ն, «Բրենդս ֆեքթրի» ՍՊԸ-ն, «Լեյկո» ՍՊԸ-ն, «Հերմինե Հասրաթյան» ԱՁ-ն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Այսօր փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հայտնեց, որ Ոստիկանության 6 ծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւս 16 ոստիկան էլ մեկուսացվել են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930