Դեպի բնականոն կյանքի հուն
Նոր տիպի կորոնավիրուսի վարակակիրների թվային պատկերները երկրից երկիր տարբերվում են: Այնտեղ, ուր ուշացել են ինքնամեկուսացման կամ մեկուսացման գործընթացները, միտումների կշռույթը արագ է, եւ վարակման տարողությունները` բարձր: Տարբերվում են բնականաբար մահացության դեպքերի թվերը: Հետեւաբար նաեւ` բուժվածների պարագաները: Այս բոլոր վիճակագրություններն անընդհատ թարմացվում են եւ հրապարակայնացվում: Վարակի դեմ հայտարարված պատերազմում Չինաստանը շարունակում է գրավել առաջին հորիզոնականը:
Թվում է, որ վիճակագրական սուր եւ կոր պատկերները հարթեցնելու պայքար մղող պետությունները միաժամանակ նախապատրաստվում են վարակի հետ գոյակցելու դրությունների որդեգրմանը: Այստեղ դարձյալ Չինաստանն է, որն ազդարարում է բնականոն կյանքի վերադարձի առաջին քայլերը:
Ինքնամեկուսացումներն ու մեկուսացումները հասկանալիորեն առաջին գործողություններն են վարակի տարածականությունը հնարավոր սահմաններում նվազեցնելու: Այդ կարգավիճակը սակայն տրամաբանորեն որոշ ժամանակ է ենթադրում: Վարակի դեմ պատվաստանյութի գործարկման թվականի անորոշությունը եւ բանակային կարգապահությամբ հորդորներին չենթարկվելու երեւույթները չեն կարող անորոշ ժամանակով երկարաձգել մեկուսացումը:
Կարդացեք նաև
Մեկուսացումը կյանքի սառեցում է. թե՛ պետական, թե՛ ընդհանրապես հասարակական ընկալումներով: Դրամատների թույլատրվող սահմանափակ աշխատանքը, որոշված ասպարեզների աշխատակիցների ազատ շրջագայությունը, առցանց աշխատելու դրությունները, եկեղեցական կյանքի առ ցանցայնացումը, ու դեռեւս` առցանց հավաքները, համախմբումներն ու ժողովները թափ են հավաքում` կյանքի ապասառեցման միտումներ արձանագրելով: Հնչում են թե՛ պետական եւ թե՛ գործարարական մակարդակների հսկայածավալ գործունեությունների վերագործարկման հրամայականները։
Տարբեր երկրների թե՛ քաղաքացիների տունդարձի որոշումների գործնականացման առաջին օրինակները, թե՛ տեղաշարժի սահմանափակման համար մեքենաների համարանիշների վերաբերող օրենքների հրապարակումը խոսում են փաստորեն վարակի հետ համակեցությամբ կյանքը ապասառեցնելու ճիգերի մասին:
Տունդարձի կամ տարհանման նպատակով իրականացվող թռիչքները մտածել են տալիս, որ երկրորդ փուլը կարող է վերաբերվել կանխարգելիչ օրենքների կիրառումով քաղաքացիական տարբեր թռիչքներ հաստատելու որոշմանը: Կարգավորելի է իհարկե միջազգային թռիչքների նոր օրենսդրությունը` ապահովելով վարակազերծման աշխատանքները:
Բնականոն կյանքը իհարկե չպետք է պատկերացնել կորոնավիրուսի բռնկումից առաջ գոյություն ունեցող համատարած գործընթացներով: Պարտադիր պաշտպանվածությունը, ֆիզիկական հեռավորության պահպանումը եւ նման կանխարգելիչ կանոնները պիտի գան համալրելու այն բոլոր կետերը, որոնց պարտադրաբար պիտի դիմեն քաղաքացիները` վարակի հետ համակեցությամբ կարելի բնականոնությամբ հավաքական կյանքը շարունակելու համար:
Վերադառնանք չինական օրինակին եւ նկատենք, որ հետկորոնական աշխարհը գուցե այդ օրինակին հետեւելու պատճառներ ունի: Հետեւելու այս դեպքում ո՛չ միայն վարակի դեմ հայտարարված պատերազմը հաղթահարելու, այլ նաեւ հետպատերազմյան կյանքը կազմակերպելու ուղղություններին:
Գիտական աշխարհը շարունակում է բացատրել, որ վարակն իր ցիկլն ունի, որը պիտի ավարտվի: Այդ ցիկլի տեւողությունը հայտնաբար հիմնովին կախված է պոտենցիալ վարակակիրների մեկուսացված կարգավիճակներից: Եթե գործնապես բացարձակորեն կիրարկելի չէ մեկուսացումը, ցիկլի ավարտի պահը դժվար է կանխատեսել: Ուրեմն` համակեցությունը կդառնա ավելի տեսանելի հնարավորություն՝ հավաքական կյանքի ապասառեցման համար: Այս համակեցությունն էլ ունի իր կանոնները: Փաստորեն ասպարեզի բերումով շրջագայողները, թռիչքի ուղեւորներն ու մեքենաների վարորդները սկսել են կիրառել այդ կանոնները եւ դրանով արձանագրել ապասառեցման առաջին քայլերը:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր