Առավոտյան արտադրական տարածք մուտք գործելուց առաջ աշխատակիցները ջերմաչափվում են եւ սպիրտային ախտահանիչով ախտահանում ձեռքերը: Հանդերձարանում առօրյա հագուստը փոխում են արտադրական հագուստով եւ առանց դուրս գալու, միանգամից մտնում արտադրական տարածք:
Այսինքն՝ կրկնակի աղտոտում արտադրական տարածքից դուրս, չի լինում. քաղցրավենիքի արտադրության «ԴԱՐՈՅՆՔ» ՍՊԸ-ում ամեն առավոտ այսպես են սկսվում աշխատանքները:
Ընկերության որակի պատասխանատու Նոնա Նալբանդյանն ընկերությունում շրջայցի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ցույց տվեց նաեւ արտադրական տարածքների մուտքերը. բոլորի մոտ կան լվացարաններ, սպիրտային հիմքով ախտահանիչ, չոր անձեռոցիկներ, փակ դույլ, որի մեջ գցվում են օգտագործված դիմակներն ու ձեռնոցները:
«Արտադրամասերում օրը երեք անգամ`առավոտյան, ընդմիջումից հետո եւ օրվա վերջում պարտադիր ախտահանում է կատարվում երեք տոկոսանոց քլորի լուծույթով: Ախտահանվում են նաեւ սարքավորումները եւ այն ամենն, ինչն օգտագործվում է արտադրական գործընթացում»,- պատմում է մեր զրուցակիցը:
Աշխատակիցների ջերմաչափում է կատարվում նաեւ գործարանից դուրս գալիս, որպեսզի համոզվեն, որ նա առողջ է տուն գնացել:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ ընկերության աշխատակիցներից մեկը նույնպես վարակված է կորոնավիրուսով:
«ԴԱՐՈՅՆՔ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարապետ Աֆրիկյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ դեպքի հետ կապված ընկերությունում ամեն ինչ ավելի է խստացվել:
Ընկերության հիմնադիրը պարզաբանեց, որ հիվանդացած աշխատակիցը արտադրության գործընթացի հետ առհասարակ կապ չի ունեցել:
Նա առաքիչներից է, գործարանի տարածք նույնպես մտել է համապատասխան ստուգումներ անցնելով, իսկ արտադրական գործընթացում զբաղված աշխատակիցների հետ շփում չունի:
Տվյալ աշխատակիցը ջերմել է եւ ինքնակամ ներկայացել ստուգման: Գերմանիայից հյուր է ունեցել, հավանաբար այդ կերպ է վարակը ձեռք բերել:
Ընկերության մի քանի աշխատակիցներ եւս ստուգվել են եւ նրանց մոտ վարակի առկայությունը չի հաստատվել: Այդ դեպքի հայտնաբերվելուց հետո, երկու օր գործարանը չի աշխատել, այդ ընթացքում ամբողջական ախտահանման աշխատանքներ են կատարվել, այդ թվում նաեւ կրկին ախտահանվել են ապրանք տեղափոխող մեքենաները:
Եվ մեկ անգամ տեղեկացնենք` վարակը սննդի միջոցով չի փոխանցվում:
Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ իրենք աշխատակիցներին չեն ստիպում անպայման ներկայանալ աշխատանքի: Ներկայումա կան չաշխատող արտադրամասեր, քանի որ տվյալ արտադրանքից պահեստավորված ունեն, լրացուցիչ քանակի արտադրության կարիք չկա:
Իսկ այն աշխատակիցները, ովքեր կորոնավիրուսի վարակով պայմանավորված գերադասել են առժամանակ մնալ տանը, աշխատանքից չեն ազատվի, որոշակի գումար էլ կստանան:
Վարակվելուց խուսափելուն ուղղված կարեւոր մի փաստ եւս. աշխատակիցներն աշխատավայր եւ տուն տեղափոխվում են ընկերության մեքենաներով:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանն էլ պատմում է, որ դեռ անցյալ ամսվա կեսերից, երբ ՀՀ-ում արտակարգ իրավիճակ էր սկսվում, ընկերությունն իր աշխատանքը կազմակերպել է առողջապահության նախարարության ցուցումներով:
ԱՆ-ի, Սննդի անվտանգության տեսչության վերջին օրերին իրականացրած ստուգումները փաստել են, որ կազմակերպության գործունեությունն ամբողջովին համապատասխանում է պահանջվող նորմերին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ