ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համացանցում տարածված մի տեսանյութի, որում Հյուսիսային պողոտայում ոստիկանները վազում են քաղաքացու հետեւից: Նա պարզաբանեց. «Դա եղել է արտակարգ դրության ժամանակ: Ոստիկաններն ուզեցել են քաղաքացուն կանգնեցնել՝ փաստաթղթերը ստուգելու նպատակով, բայց, չգիտես ինչու, քաղաքացին փախել է: Ոստիկանը հետապնդել է, կանգնեցրել եւ ճշտել: Ոչ մի բան չի եղել»:
Ինչ վերաբերում է մարտի 27-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գրանցված միջադեպին, երբ, ըստ ոստիկանության հաղորդագրության, ոստիկանները ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացուց պահանջել են ներկայացնել տեղաշարժման թերթիկ, սակայն նա հայհոյել է ոստիկաններին՝ վերջիններիս ծառայողական մեքենայում եւ բաժանմունքում, հետո՝ ոստիկանների գործողությունների դեմ բողոք գրել, Մհրյանը նշեց. «Նման դեպքերը տհաճ երեւույթներ են, բայց ոստիկանները պաշտպանված են օրենքով: Նման իրավիճակները պատիվ չեն բերում անձանց, որոնք իրենց թույլ են տալիս վիրավորել ոստիկանին՝ իր օրինական գործողությունները կատարելիս: Կարծում եմ՝ նախաքննությունը թույլ կտա, թե ինչ է իրականում տեղի ունեցել, իսկ տեսանյութից երեւում է, թե քաղաքացին ինչպիսի վերաբերմունք է թույլ տվել ոստիկանների հանդեպ»:
Փոխոստիկանապետը նաեւ հայտնեց, որ այս պահին կա մեկուսացված 16 եւ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ 6 ոստիկան. «Կորոնավիրուսի թեստավորում անցնում են միայն այն ոստիկանները, որոնք, հնարավոր է՝ ունեն խնդիրներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ