Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ունենք մոտ 1400 մահճակալային ֆոնդ՝ առանձնացված միայն կորոնավիրուսով հիվանդների համար, որից զբաղված է մոտ կեսը». Արսեն Թորոսյան

Ապրիլ 06,2020 17:18

«11 նոր հաստատված դեպք ենք ունեցել, ինչը դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ մենք ազգովի շարունակենք միջոցառումները՝ պահպանելու  այդ թիվը»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա տեղեկացրեց. «Այս պահին ունենք մոտ 1400 մահճակալային ֆոնդ՝ առանձնացված միայն կորոնավիրուսով հիվանդների համար, որից զբաղված է մոտ կեսը: Պացիենտների մի մասը, որոնք որևէ գանգատ չունեն, հիվանդանոցներում չեն գտնվում. հյուրանոցներում են՝ բժշկական հսկողության ներքո: Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մեծ մասը նույնիսկ ջերմություն չունի, սակայն ունենք թոքաբորբ ունեցող 146 հոգի, ծանր վիճակում գտնվողներ՝ 35 հոգի: Նրանց մեծ մասը ուղղակի թթվածնի կարիք ունի, ինչը ստանում են: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 8 հոգի: Այսօր ունեցել ենք նաև մահ: Չի հաջողվել փրկել 68-ամյա անձի, որն ունեցել է հարակից քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ, հիպերտոնիա»:

Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի, ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5000 քաղաքացի՝ հատուկ ցուցումով:

Նա նշեց նաև, որ արդեն 400-ից ավելի քաղաքացիներ կան, որոնք դուրս են գրվել մեկուսացումից և գնացել տուն. «14-րդ օրը թեստավորում ենք, բացասական արդյունքի դեպքում նրանք վերադառնում են տուն: Մեկուսացումից դուրս գրվող քաղաքացիների թիվն աստիճանաբար կաճի»:

Խոսելով կորոնավիրուսի տեմպը կոտրելու մասին՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Տեմպը կոտրելու՝ մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք, որ այս՝ հարաբերական դրական արդյունքը կարողանանք պահպանել երկար ժամանակ, մինչև վստահ կլինենք, որ այլևս լայնածավալ տարածման վտանգ չկա»:

Նախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թվի կրկնապատկման տեմպը ութ օրն է. այսինքն՝ ութ օրը մեկ կարող է կրկնապատկվել պացիենտների թիվը: Ուստի հորդորեց տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, որ այս տեմպը գնալով ընկնի:

Դիմակների օգտագործման մասին Արսեն Թորոսյանը նոր խորհուրդ տվեց՝ հիշեցնելով, որ նախկինում այն հարցին՝ ինչո՞ւ չի խրախուսում դիմակների օգտագործումը, ինքը պատասխանել է, որ դիմակների օգտագործումը պետք է վարակակիրներին և հիմնականում բուժաշխատողներին և թարմացրեց տեղեկատվությունը. «Հիվանդության մասին շատ տեղեկատվության հասանելիության հետ մեկտեղ ի հայտ են գալիս նոր խորհուրդներ երկրագնդի բոլոր քաղաքացիներին: Այդ խորհուրդը դիմակ կրելն է, բայց այլ նկատառումներով:

Նորից կրկնեմ, որ այս հիվանդությունը հիմնականում փոխանցվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և ձեռքը քթին, բերանին կամ աչքերին հպելու պատճառով: Դիմակներն այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխելու նպատակ, այլ հիմնականում օգնում են, որ մենք մեր ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին, իհարկե, ակնոց ունեցող մարդկանց նաև օգնում են, որ մեր ձեռքը չմոտեցնենք մեր աչքերին, և պարբերաբար ձեռքերը լվալով՝ երկարատև և տաք ջրով, մենք կանխարգելում ենք վարակի հնարավոր ներթափանցումը մեր շնչառական ուղիներով, քթով բերանով կամ աչքերով: Ամբողջ աշխարհում հիմա դիտվում է դիմակի դեֆիցիտ՝ չնայած Հայաստանում սկսել են դիմակներ կարել, բայց գինը դեռ հարաբերականորեն բարձր է մնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Ամերիկյան հիվանդությունների կանխարգելման կենտրոնները որոշել են խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում պատրաստված դիմակներ, ինչպես նաև կտորե դիմակներ, բայց մի պայմանով, որ դրանք կթարմացվեն կամ լվացվեն բարձր ջերմաստիճանի ջրով և հատուկ նյութերով՝ լվացքի փոշիով, ամեն օր և կօգնեն մարդկանց, որ առօրյայում շփվելուց նրանց ձեռքերը չդիպչեն բերանին, քթին»:

Եզրափակելով ուղիղ եթերը՝ նախարարն ասաց, որ շուտով այս մասին ուղեցույց կհրապարակվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930