ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հետեւյալ խնդրին՝ քաղաքացիները պարբերաբար ահազանգում են, որ մարդիկ կուտակվում են բակերի զրուցարաններում եւ այգիներում: «Ցավոք, ահազանգը ճիշտ դիտարկում է: Ոստիկանությունն ու ԱԻՆ աշխատակիցներն ամեն օր շրջայցեր են անում եւ ուժերի սահմաններում փորձում նաեւ բակային տարածքներում քաղաքացիներին համոզել, որ չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»,-տեղեկացրեց փոխոստիկանապետը: Հայկ Մհրյանի խոսքով՝ եթե քաղաքացուց լինում է ահազանգ, որ կուտակում կա, անպայման գնում են ահազանգի հետքերով:
Մհրյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ-ում 5000-ից ավելի մեկուսացված անձ կա, որոնց հետ ոստիկանությունը կապ է պահպանում. եղել են դեպքեր, որ մարդիկ խախտել են մեկուսացման կանոնը. «Եթե չեմ սխալվում, արդեն բջջային հավելվածով պետք է հարցը կարգավորենք, ինչի մասին հաջորդ ասուլիսում կմանրամասնեմ»: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նաեւ ճշգրտում է հնարավոր վարակակիրների բնակության վայրերը:
Բանախոսը նաեւ անդրադարձավ հարցին, թե քանի քաղաքացի է տուգանվել՝ պարետատան սահմանած տեղաշարժման սահմանափակումները խախտելու հետեւանքով. «Արդեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 1735 որոշումներ կան, մանրամասներն այս պահին հնարավոր չէ ներկայացնել»: Հայկ Մհրյանը նաեւ նշեց՝ ամենօրյա ռեժիմով փորձում են հսկել ոստիկանների գիտելիքներն այն մասին, թե որ դեպքում է հնարավոր քաղաքացու տեղաշարժն արգելել. «Հնարավոր է, որ շեղումներ լինեն: Եթե ականատես եք, արձագանքեք, մենք անմիջապես կշտկենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ