Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

COVID-19-ով պայմանավորված իրավիճակը կարող է տեւել ամիսներ եւ նույնիսկ տարիներ. Արա Բաբլոյան

Ապրիլ 06,2020 16:34

Aravot.am-ի զրուցակիցն է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:

– Տարբեր ճգնաժամային իրավիճակներում աշխատելու փորձ ունեք, ի՞նչ եք կարծում, Ձեր կանխատեսումներով որքա՞ն կտեւի COVID-19-ով պայմանավորված այս իրավիճակը:

– COVID-19-ով պայմանավորված իրավիճակը կարող է տեւել ամիսներ եւ նույնիսկ տարիներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքա՞ն արագ կստեղծվի արդյունավետ պատվաստանյութ` ամբողջ երկրագնդի բնակչությանը այս վարակից պաշտպանելու համար:

– Ուզում եք ասել, որ մարդկությունն այդքան ժամանակ պետք է շարունակի ապրել «կաթվածահա՞ր»: Կա՞ն տարբերակներ, որոնց գործարկումը մեր կառավարությանը հնարավորություն կտա համաճարակը հնարավորինս արագ եւ քիչ ցնցումներով հաղթահարել:

– Կառավարություն պետք է շարունակի կատարել այն, ինչ անում է, բայց ավելի խիստ ու հստակ: Դրա վառ ապացույցն է Չինաստանի փորձը։ Ես երկու կարեւոր կետ կարող եմ առանձնացնել:

Առաջինը` զուտ առողջապահական մասով` շարունակել կոնտակտավորների եւ կասկածելիների խիստ մեկուսացումը: Ինչպես նաեւ շարունակել հանրության սոցիալական մեկուսացումը` տանից դուրս գալու սահմանափակումներով: Հատուկ ընդգծում եմ` խիստ մեկուսացումը, որովհետեւ որքան խիստ, այնքան կարճ եւ արդյունավետ կլինի այս գործընթացը: Նույն կերպ եւ կորոնավիրուսով հաստատված պացիենտների մեկուսացումն ու բժշկական միջամտությունների կազմակերպումը: Սրանք որքան հստակ եւ խիստ կատարվեն, այնքան արագ կհասնենք կառավարելի իրավիճակին:

Իսկ երկրորդ կետը վերաբերում է տնտեսական եւ առողջապահական համակարգերին` միաժամանակ: Ուզում եմ հատուկ նշել, որ այս կետին կարող ենք անցնել միայն առաջին կետը հաղթահարելուց եւ գործընթացը կառավարելի դարձնելուց հետո: Մեր կառավարությունը պիտի սկսի մշակել ծրագիր` ստեղծված տնտեսական ճգնաժամից հնարավորինս անցնցում դուրս գալու համար` միաժամանակ մտածելով այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի էպիդեմիայի երկրորդ ալիք չզարգանա: Այս գործընթացը նույնպես պետք է լինի Առողջապահության նախարարության վերահսկողության տակ, եւ ամեն բնագավառի համար պետք է մշակվեն ԱՆ-ի հետ համաձայնեցված անվտանգության եւ կանխարգելման նորմատիվներ եւ կանոններ: Կարծում եմ, այս գործում անհրաժեշտ կլինի առանձին ոլորտների փորձագետների ներգրավումը:

– Կառավարության անելիքների մասով հասկանալի է, իսկ ի՞նչ կասեք մեր քաղաքացիներին, ի՞նչ է կախված քաղաքացիներից:

– Իրականում ամեն բան առաջին հերթին հենց քաղաքացու ձեռքին է: Չեմ հոգնում կրկնել` լինել հասարակական բարձր գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ մարդ, նշանակում է ապահովել եւ քո, եւ շրջապատիդ, այդ թվում եւ երեխաներիդ, անվտանգությունը: Իսկ դա այս պահին հնարավոր է պարզ գործողություններով` տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, հետեւել հիգիենայի կանոններին, չտրվել տեղեկատվական սխալ աղբյուրների ազդեցությանն ու չընկնել խուճապի մեջ, հետեւել միայն ինֆորմացիայի պաշտոնական աղբյուրներին: Որքան մենք` հասարակությունը, հետեւենք այս կանոններին, այնքան արագ կհասնենք իմ նշած երկրորդ կետին`կվերադառնանք կյանքի նորմալ ռիթմին:

Առողջություն եմ մաղթում բոլորին:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930