Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։
Պետրոս Շիրինօղլուն գրավոր հաղորդագրության մեջ նշել է, որ «Հայկական հիմնադրամների միությունը» 500․000 թուրքական լիրա է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած «Ազգային համերաշխության արշավին»։
Շիրինօղլուն ցավակցել է Թուրքիայում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել հիվանդներին։
Նշենք, որ այդ արշավին միացել էին նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ։ Նրանք 100․000 թուրքական լիրա էին փոխանցել դրամահավաքի հաշվեհամարին։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի ցածր եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: