«Սպայկա» ընկերությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ցուցադրում էր, թե ինչպես են Վերին Լարսում օրեր շարունակ կանգնած բեռնատարների 1.5 միլիոն դոլար արժողությամբ, բայց արդեն փչացած գյուղմթերքը թափում:
https://www.facebook.com/spaykallc/videos/2619767291626457/
Արդյոք պետությունը այս բիզնեսին որեւէ աջակցություն կամ վնասի փոխհատուցում նախատեսո՞ւմ է: Այսօր այս մասին էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեցին լրագրողները:
Փոխնախարարն ի պատասխան հարցի, ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է տիրում տարածաշրջանում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ կարանտին է, արտակարգ դրություն, տեղաշարժման սահմանափակումներ են գործում:
Կարդացեք նաև
«Վրաստանում նույնպես կարանտին է, կա սահմանափակում՝ տեղաշարժի եւ բեռնափոխադրման: Բեռնափոխադրումը Վրաստանով տարանցիկ է, միմիայն ուղեկցությամբ, եւ այդ ուղեցույցը կառավարության կայքում հրապարակված է: Վրաստանով բեռները բաց են թողնվում դեպի Վերին Լարս մի քանի ժամը մեկ, Վրաստանի մաքսային ծառայությունը հավաքում է մոտ 30 մեքենա ու բաց թողնում: Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային՝ առատ ձյան հետ կապված, սահմանակետը փակ էր: Պետք է խնդրենք մեր բեռնափոխադրողներին եւ ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն գործող եղանակային պայմանները, մասնավորապես՝ Լարսի հետ նախապես, ինչպես նաեւ այս օրերին տեղի ունեցող համաճարակից կախված, այսինքն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք, իհարկե, լրացուցիչ դժվարություններ են առաջացնում»:
Նշենք՝ «Սպայկա» ընկերությունը գյուղացիական ընկերություններից եւս մթերում է գյուղմթերք ու արտահանում իրականացնում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ