Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԵԱՏՄ խորհրդի նիստը որոշել է՝ բժշկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են, սահմանված ցանկն ընդլայնվել է, ներառվել են նաեւ դեղորայքային արտադրության մեջ կիրառվող նյութերը:
Այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա ներկայացմամբ՝ զրոյական մաքսատուրքերը գործելու են վեց ամիս ժամկետով, այն կիրառելի է մարտի 16-ից սկսած իրավահարաբերությունների վրա:
Ըստ փոխնախարարի, երեք ամսով արգելվում է պարենային որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, սակայն որոշումը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ներքին առեւտրի համար սահմանված ցանկում առկա ապրանքատեսակների վրա, արգելքը չի տարածվում նաեւ հումանիտար օգնության ապրանքների վրա:
ԵԱՏՄ հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ էլ, փոխնախարարի խոսքերով ասած՝ որոշ զգայուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյական կլինեն: Նա այդ ապրանքներից նշեց՝ կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը:
Կարդացեք նաև
Սիմոնյանն ասաց՝ Իրանի Իսլամական հանրապետության հետ որեւէ սահմանափակում չկա, բացառությամբ գործող կարգավորմամբ սահմանված ցանկում առկա ոչ բժշկական ապրանքների, բժշկական ապրանքների դեպքում այն թույլատրվում է միայն առողջապահության նախարարի որոշմամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ