Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման դեպք․ վարակակիրը 1952 թվականին ծնված տղամարդ է, որն ուներ ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։
Այդպես էլ անհայտ մնաց, թե նա ումից էր վարակվել․ արտերկրում չի եղել, պաշտոնապես հաստատված վիրուսակրի հետ չի շփվել։ Վարչապետն այսօր իր ուղիղ եթերում հայտարարեց մահվան մեկ դեպքի մասին, խոսքը Մարալիկի բնակչի մասին էր։
Նրան Մարալիկի հիվանդանոցից երկկողմանի թոքաբորբով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել էին մայրաքաղաք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Այստեղ թեստավորել ու պարզել էին, որ նա վարակված է կորոնավիրուսով։
Կարդացեք նաև
Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակիցները, որոնք նրան բուժօգնություն էին ցուցաբերել՝ բնականաբար չիմանալով ու նաև չկասկածելով, որ վարակակիր է, քանի որ Գյումրու ինֆեկցիոնում ևս զննել էին նրան, ստիպված ինքնամեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Խոսքը թվով 29 աշխատակիցների մասին է, որոնց որևէ մեկը, այս պահին ջերմություն չունի, նրանց մոտ ախտանիշներ ևս չկան։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։
Մեկուսացած են նաև տղամարդու հետ շփված անձինք․ Մարալիկում բնակվող երկու ընտանիքներ՝ թվով 8 հոգի։
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենը մեզ փոխանցեց, որ բնականոն աշխատում են․ հիվանդանոցը համալրված է բուժանձնակազմով։ Նրանք շարունակում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել, այս պահին 60 բուժվող հիվանդ կա։
Արմեն Իսահակյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ այսուհետ հաշվի չառնելով համաճարակաբանական անամնեզը՝ թոքաբորբ ու ջերմություն ունեցող հիվանդները պետք է թեստավորվեն, նոր միայն ընդունվեն Գյումրի բժշկական կենտրոն։ Եթե թեստը դրական եղավ, բուժումը շարունակեն կորոնավիրուսի բուժման համար նախատեսված բուժհաստատություններ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից