Երեկ՝ ապրիլի 5-ին ունեցել ենք կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք, որոնցից դրական է եղել միայն 11-ը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց. «Սա վերջին շաբաթների համար աննախադեպ է: Հնարավոր է՝ սա լավ լուր է կորոնավիրուսի հաղթահարման առումով՝ մեկ օրվա համար: Խնդիրն այն է, որ նախկինում էլ ենք օրեր ունեցել, երբ անկում է եղել, իսկ հաջորդ օրը թվերն աճել են: Այս լուրի գնահատականն ամբողջապես տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որոնք կլինեն վաղը առավոտյան»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/249139336486107/
Վարչապետը հայտնեց, որ գիշերը եւս թեստավորումներ արվում են. «Եթե մեր հույսը հաստատվի եւ արդարանա, կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ շատ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունք տալ: Նշանակում է, որ առաջիկա մեկ շաբաթում եթե ավելի խիստ պահենք պարետատան սահմանափակումները, ապա մեր հնարավորությունները կմեծանան, ու երկուշաբթի օրվանից այս ռեժիմի թուլացման ուղղությամբ մտածենք: Ուշադիր եղեք, որ ես «եթե»-ով եմ ասում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ