«Պետք է արդեն անասունների մորթ իրականացնենք, բայց չենք կարող, խնդիր կա իրացման հետ կապված: Անասնակերի հետ կապված: Այս իրավիճակից ելնելով վաճառք չկա, սուպերմարկետները չեն վերցնում, ասում են մենք մեր միս բերողն ունենք: Պասաժներն էլ չեն աշխատում»,-այսօր այսպիսի խնդրով տեսակապի միջոցով կառավարությանը դիմեց Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղատնտեսներից մեկը, որը զբաղվում է անասնապահությամբ:
Առցանց կոնֆերանսը կազմակերպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Տիկին Սիրանը նաեւ ասաց, որ այս պահին բանկերն էլ սառեցրել են վարկավորումը եւ չգիտեն, որտեղից միջոցներ գտնեն, որ անասնակերի ցանք սկսեն. «Ո՛չ մորթ ենք կարողանում իրականացնել, ո՛չ էլ կեր ենք կարողանում առնել: Այս պահին չենք կարողանում վարկերից էլ օգտվել, որովհետեւ բանկից ասում են՝ վարկերը դադարեցված են: Ցանքի սեզոն է, պիտի անասնակեր ցանենք, բայց անելանելի իրավիճակի մեջ ենք հայտնվել»
Գյուղատնտես Սամվել Մուրադյանի խոսքով՝ «Կառավարության ուշադրությունը գյուղատնտեսությանը, բացարձակ չի արդարացնում այն սպասելիքները, որոնք մենք ունեցել ենք եւ այս պահի ունենք»: Գյուղատնտեսը թվարկեց՝ բանկերի վարկավորման պայմանները, ոռոգման խնդիրները նպաստում են, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բարձրանա. «Ոռոգման ջրի խնդիրը բավականին լուրջ է: Մինչեւ հունիս ամիս դրա պակասը չի զգացվում, սակայն, օգոստոսին, երբ բերքատվությունը ջուր է պահանջում, այդ պահին սկսվում է ջրի ոռոգման խնդիրները, որոնք հանգեցնում են որոշակի գյուղերի ավելի մեծ կոլապսի»:
Գյուղատնտես Մուրադյանը նաեւ մատնանշեց աշխատուժի տեղաշարժման խնդիրը, որն այս օրերին լուրջ խոչընդոտ է միջին եւ խոշոր գյուղատնտեսների համար, որոնք գործունեություն են իրականացնում Արարատի մարզում:
Սամվել Մուրադյանի խոսքով. «Նրանք օգտվում են վարձու աշխատուժից: Հիմնականում աշխատողների մի մասը տեղից են, սակայն ավելի մեծ մասը լեռնային շրջաններից են, որտեղ գործազրկության բավական մեծ տոկոս կա: Նրանք իրենց հացը վաստակում են Արարատյան դաշտավայրում: Նախկինում ներկայանում էին աշխատանքի միջին միկրոավտոբուսներով, այսօր այդ խնդիրը բավականին բարդ է եւ լուծում պահանջող խնդիր է»:
Կարդացեք նաև
Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ խնդիրներն արդիական են նաեւ պարենային անվտանգության տեսանկյունից:
Տեսակապի միջոցով համաժողովին միացած գյուղատնտես Կարեն Սիմոնյանն ասաց, որ Լոռու մարզի Ալավերդի համայնքում հատապտուղներ են աճեցնում եւ ամենահրատապ խնդիրն իրենց բիզնեսի համար բանկերի վարկավորման դադարեցումն է եւ իրացման հարցը. «Այս բերքը, որ պետք է ստանանք, ո՞նց, որտե՞ղ ու ի՞նչ պայմաններով ենք իրացնելու»:
Գեւորգ Գորգիսյանն ի պատասխան ասաց, որ սննդամթերքի պահանջարկ ամբողջ աշխարհում է լինելու, բացի այդ, հաշվի առնելով, որ տարբեր երկրների սահմաններ դեռ փակ են եւ երկրներն արգելք են դնում իրենց երկրներից սննդամթերքի արտահանման վրա, առնվազն տեղական շուկայում կունենաք մեծ պահանջարկ եւ արտահանման նոր շուկաներ կլինեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ