Արտակարգ դրության պայմաններում պարետի հրամանով բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: Դա կորոնավիրուսի վարակի տարածումը դանդաղեցնելու, կանխելու անհրաժեշտ լուծում է, անգամ՝ ուշացած: Սակայն, գուցե, ճիշտ կլիներ որոշ դեպքերում բացառություն անել: Խոսքը բացօթյա աշխատանքների մասին է, որտեղ պահանջվող սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ միմյանց վարակելու խնդիր չկա:
Օրինակ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի եւ Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ գտնվող այգում, որտեղ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ճեմուղիների բարեկարգման եւ սալիկապատման աշխատանքներ էին սկսվել: Հիմա գործընթացը կանգնեցվել է: Մինչդեռ, քանի դեռ մարդկանց հոսքը գրեթե զրոյական է, հնարավոր էր աշխատանքները շարունակել, ավարտին հասցնել:
Մանավանդ՝ չի բացառվում, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվի: Իսկ երբ արտակարգ դրությունն ավարտվեր, երեւանցիները արդեն կունենային պատրաստի վիճակում մի նոր բարեկարգ այգի: Ընդ որում, այդ աշխատանքները շարունակելու համար գործատուից կարելի էր պահանջել, որպեսզի պահպանվեն ԱՆ կազմած կանխարգելիչ բոլոր հանձնարարականները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ