Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Ասիական զարգացման բանկի կանխատեսումները բավականին լավատեսական են, քանի որ հաշվի չեն առնվել մի քանի կարեւոր հարցեր

Ապրիլ 05,2020 23:30

Ապրիլի 3-ին Ասիական զարգացման բանկը հրապարակել է Հայաստանին եւ նաեւ Ասիայի տարածաշրջանային երկրներին առնչվող տնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումներ: «Ասիական զարգացման հեռանկարներ» թեմայով հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում, թե նոր տիպի կորոնավիրուսը՝ COVID-19-ը, Հայաստանի եւ Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա ինչ բացասական ազդեցություն կթողնի:

Ըստ այդ կանխատեսման, 2020թ-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի՝ կազմելով 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում: Ըստ նույն աղբյուրի, իսկ հետո՝ 2021թ-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019 թ-ին եւ 2020թ-ին, կամրապնդեն եւ կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները եւ պետական կառավարումը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը սակայն, գտնում է, որ Ասիական զարգացման բանկի կանխատեսումները բավականին լավատեսական են, քանի որ հաշվի չի առնվել մի քանի կարեւոր հանգամանք: Aravot.am- հետ զրույցում Սուրեն Պարսյանն ասաց. «Ըստ էության, Ասիական զարգացման բանկը հաշվի է առել, որ այս տարվա ընթացքում, հատկապես՝ ծառայության ոլորտում ունենալու ենք անկում, բավականին մեծ անկում: Նախորդ տարի 7,6 տոկոս տնտեսական աճի մեջ մոտ 2,5-ից 3 տոկոսը ծառայության ոլորտն էր, եւ դրանից ելնելով որոշում է կայացվել, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կդանդաղի՝ դառնալով 2,2 տոկոս: Այսինքն՝ իրենց կանխատեսած մոտ 5 տոկոսից ավելի ցածր: Ըստ իրենց ՀՆԱ-ի աճը կկազմի 3 %-ի սահմաններում: Եթե նայում ենք պաշտոնական տվյալները 2019 թվականին ունեցել ենք 7,6 տոկոս, ապա կունենանք 5,5  տոկոսի սահմաններում: Կարծում եմ Ասիական զարգացման բանկի կանխատեսումը այնուամենայնիվ, բավական լավատեսական է. նրանք հաշվի են առել, որ ենթակառուցվածքային ծրագրերը՝ ճանապարհաշինություն, գյուղատնտեսական ենթակառուցվածքների շինարարություն եւ այլն,  շարունակվելու են Հայաստանում իրականացվել, բայց այս պահի դրությամբ բոլոր այդ ծրագրերը սառեցված են եւ, եթե այդ ծրագրերը պետք է սկսեն, արդեն իսկ այս ամիսների ընթացքում պետք է կազմվեին նրանց տեխնիկատնտեսական հիմնավորման փաթեթները, մրցույթները կազմակերպվեին եւ այլն»:

Ըստ պարոն Պարսյանի, դրանք հետաձգվել են որոշակի ժամանակով. «Այսինքն՝ շինարարության ոլորտում եւս տեղի է ունեցել փոփոխություն, հատկապես՝ բնակարանաշինության դեպքում, եթե  անցյալ տարի մենք շինարարության ոլորտում ունեինք 4,4 տոկոս աճ, ապա այս տարի, եթե կարողանանք, նույնիսկ, զրոյի մակարդակում պահենք, դա արդեն մեծ արդյունք կլինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930