«Արմենիա»-ն այն երկու հայկական ավիաընկերություններից մեկն է, որը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, չի կարող թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Aravot.am-ի հետ զրույցում «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Արմենիա» ավիաընկերությունը դեռեւս մեկ տարի առաջ ստացել է TCO սերտիֆիկատ, անցել է աուդիտը եւ բարեհաջող իրականացրել է Եվրոպական ուղղությամբ չվերթներ: EASA-ի՝ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության ստուգումը՝ աուդիտը բացառապես վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին»:
Հիշեցնենք, որ երեկ լուր տարածվեց, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: Ավելի ուշ, Քաղավիացիան հերքեց այս տեղեկությունը: Ըստ Քաղավիացիայի հաղորդագրության, 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության եւ Եվրոպական միության մասնագետների կողմից կոմիտեում եւ երկու ավիաընկերություններում իրականացվել է գնահատման այց: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք ըստ Քաղավիացիայի պատասխանատուների, նոր չեն եւ պահանջում են երկար ժամանակ եւ ռեսուրսներ՝ կառույցն արդիականացնելու համար:
Խնդրի վերաբերյալ երեկ խոսեց նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տիկին Ռեւազյանը հաստատելով, որ Քաղավիացիան ունի լուրջ խնդիրներ, նաեւ հաստատեց, որ հայկական ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ կատարել Եվրոպական երկրներ՝ մինչեւ որ հարցը չկարգավորվի:
Տաթեւիկ Ռեւազյանը նշեց. «Իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունը՝ իրականացնել թռիչքներ դեպի Եվրոպա»: Այսինքն՝ խոսքը ավիաընկերություններին լիցենզիայից զրկելու մասին չէր:
Aravot.am-ի հարցին, ի՞նչ խնդիրներ պետք է շտկվեն, որպեսզի ավիաընկերությունները կրկին թույլտվություն ստանան, Գեւորգ Խաչատրյանն ասաց, որ ներկայումս քննարկումներ են գնում՝ իրավիճակից ելքեր գտնելու: Իսկ, եթե կոմիտեն չկարողանա լուծել այդ խնդիրները ավիաընկերություններն ի՞նչ պետք է անեն մեր հարցին, Գեւորգ Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ ավիաընկերությունները պետք է դիմեն ավելի բարձր կառույցների՝ հավաստագիր ստանալու, ինչի առկայության պարագայում անկախ Քաղավիացիայի կարգավիճակից, կարող են չվերթներ իրականացնել:
Կարդացեք նաև
Գեւորգ Խաչատրյանը կրկնեց, որ «Արմենիա» ավիաընկերությունն արդեն ունի TCO սերտիֆիկատ՝ նշելով, որ իրենք այդ սերտիֆիկատը ստացել են անցյալ տարի՝ անժամկետ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ