Քանի դեռ աշխարհի առողջապահական առաջատար կազմակերպությունները փորձում են գտնել Covid-19 հիվանդության հարուցիչ համարվող նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ զուգահեռաբար նաև փորձարկելով մի շարք դեղամիջոցների արդյունավետությունը հիվանդության դեմ պայքարում, մարդկության ստվար զանգվածին մնում է հետևել ԱՀԿ-ի ու սեփական երկրի իշխանությունների ցուցումներին, մնալ տանը, հաճախակի լվացվել և որ ամենակարևորն է՝ ամրապնդել իմունիտետը։
Շատերը գուցե մտածեն՝ էլ ի՞նչ իմունիտետ, եթե խանութներում կոճապղպեղի գները սկսել են մրցակցել ոսկու փոխարժեքի հետ, կիտրոնն էլ ուր որ է կհասնի այդ «բարձունքներին»։
Սակայն մեր այս հոդվածի հերոսը կոճապղպեղը չէ, ոչ էլ բրազիլական ընկույզը, սպիրուլինա ջրիմուռը կամ սաղմոն ձկնատեսակը, որքան էլ վերջիններս օգտակար են իմունիտետի համար․ մենք փորձել ենք առանձնացնել իմունիտետն ամրապնդող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող այն մթերքները, որոնք առավել քան հասանելի են մեզնից յուրաքանչյուրին և շատ մատչելի արժեք ունեն։
Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի այս համատեքստում, մեր կարծիքով, կարևոր է սննդում մեծ տեղ հատկացնել խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենի տեսակներին, ինչպիսիք են կաղամբը, ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը, ռուկոլան, բրոկոլին, մանանեխը և այլն։ Բանջարեղենի այս տեսակները հատկապես օգտակար են թոքերի համար, քանի որ նպաստում են թոքերի հյուսվածքների վերականգնմանն ու խթանում դրանց աճը՝ բնական ծծմբի պարունակության շնորհիվ։ Կաղամբազգիները 2 տիպի ծծումբ են պարունակում, որոնք միասին ներծծվում են թոքերի հյուսվածքների մեջ՝ խթանելով դրանց աճն ու վերականգնումը՝ անգամ սպիների առկայության դեպքում։ Դրանից բացի խաչածաղկավոր բույսերը հարուստ են В խմբի, ինչպես նաև А, С, Е և К վիտամիններով։
Կարդացեք նաև
Հայտնի է, որ բրոկոլին հարուստ է գերսննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի օպտիմալ առողջության համար։
Այն հարուստ է բջջանյութով և ծծմբի օրգանական միացություն համարվող սուլֆորաֆանով, որն օժտված է հակաքաղցկեղային հզոր ազդեցությամբ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ սուլֆորաֆանն առաջացնում է թոքերի, հաստ աղիքի, շագանակագեղձի, կրծքագեղձի քաղցկեղի բջիջների ապոպտոզ (բջջի կենսաբանորեն ծրագրավորված մահ (ԲԾՄ)։
Սուլֆորաֆանը խթանում է իմունիտետն ու պայքարում բորբոքումների դեմ։
Սուլֆորաֆանի հակաբորբոքային ազդեցությունը լրացնում են նաև բրոկոլիի կազմում առկա ֆենոլային միացություններն ու այլ օգտակար բաղադրամասերը։
Եթե լրջորեն մտածում եք իմունիտետն ամրապնդելու մասին, միևնույն ժամանակ օլիգարխ չեք, ապա մի մոռացեք ֆերմենտացված մթերքների մասին․ նույն կաղամբի, որը թե՛ թարմ, թե՛ թթվեցրած վիճակում շատ օգտակար և, ինչը պակաս կարևոր չէ, մատչելի բանջարեղեն է։ Թթու դրած կաղամբը պրոբիոտիկների, վիտամին С-ի հարուստ աղբյուր է։ Պրոբիոտիկներով հարուստ են նաև թթու դրած վարունգը, լոլիկը և այլն։
Ֆերմենտացված ամենաօգտակար մթերքներից մեկը մածունն է, ինչպես նաև կեֆիրը, «նարինեն», որոնք, հարուստ լինելով մեր օրգանիզմի համար բարենպաստ միկրոօրգանիզմներով, բարելավում են մեր «ներքին էկոհամակարգն» ու ամրապնդում իմունիտետը։
Իհարկե, եթե խոսք է գնում իմունիտետի ամրապնդման մասին, մենք չենք կարող անտեսել սխտորը, որը թեև չունի ապացուցված հակակորոնավիրուսային ազդեցություն, բայց իմունիտետն այն հաստատ ամրապնդում է իր՝ հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային և հակաճիճվային համալիր ազդեցությունների շնորհիվ։
Եւս մի քանի օգտակար և հարաբերականորեն մատչելի միջոց՝ իմունիտետի ամրապնդման համար
Քրքում․ այս համեմունքը հակամիկրոբային ազդեցություն ունի և օգնում է պայքարել մանրէների ու վիրուսային վարակների դեմ։
Այն օգնում է նվազեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսներն ու ամրապնդել իմունային համակարգը։
Քրքումով առողջարար ըմպելիք պատրաստելու եղանակը՝ այստեղ։
Կարմիր կծու պղպեղ․ իր բուժիչ հատկություններով լիովին կարող է մրցել սխտորի հետ։
Մանանեխի սերմեր․ դրանք մանանեխի յուղ են պարունակում, որն օժտված է հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային հատկություններով։
Ծովաբողկ․ Ծովաբողկը ցանկալի է ներառել սննդակարգում, եթե կան խնդիրներ թոքերի հետ, ինչպես նաև հազի, ասթմայի, արթրիթի, ճիճուների առկայության դեպքում։ Միայն թե ցանկալի է օգտագործել թարմ պատրաստված ծովաբողկը, քանի դեռ այն հարուստ է եթերային յուղերով։
Կանաչ թեյի բաղադրամաս հանդիսացող կատեխինները պաշտպանում են վիրուսներից ու ճնշում գրիպի վիրուսներին։
Նմանատիպ ազդեցությամբ է օժտված նաև անանուխը։
Դարչինը նույնպես կարող է հպարտանալ իմունիտետն ամրապնդող, հակաբակտերիալ հատկություններով, այն նաև բնական կոնսերվանտ է։
Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, քանի որ բնությունը հոգացել է մեր առողջության մասին՝ իր կողմից ստեղծված ամեն մի բարիքի մեջ ամբարելով բնական մի ողջ «դեղատուփ»։ Սակայն ընտրություն կատարելիս մնում է չմոռանալ, որ մեզ համար առավելագույնս օգտակար են այն սննդատեսակները, որոնք աճում են հենց այն հողում, որտեղից սերում ենք մենք։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ