ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թվականի համար համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 0,7 % աճ է կանխատեսում, «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը՝ 0,5 %:
«Այս պահին, իրականում, դժվար է կանխատեսումներ անելը, որովհետեւ մենք չենք պատկերացնում՝ որքան կտեւի այս գործընթացը Հայաստանում, եւ կախված՝ արտակարգ դրության ռեժիմը, այսպես ասած՝ այդ «լոք դաուն» կոչվածը՝ տնտեսական գործունեությունների սահմանափակումը, եւ կախված դրանից դա արդեն իր արտացոլումը կգտնի նաեւ երկրի ՀՆԱ-ի վրա»,-անդրադառնալով Ասիական զարգացման բանկի՝ «Ասիական զարգացման հեռանկարներ» թեմայով հրապարակմանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է, թե նոր տիպի կորոնավիրուսը՝ COVID-19-ը, Հայաստանի եւ Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա ինչ բացասական ազդեցություն կթողնի:
Նույն աղբյուրը Հայաստանի համար կանխատեսում է, որ 2020թ-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին եւ 2020թ-ին, կամրապնդեն եւ կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները եւ պետական կառավարումը։
Ըստ Հայկազ Ֆանյանի, այս պահին բացի Ասիական զարգացման բանկից եւս երկու կառույցի կանխատեսում է շրջանառվում: ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թվականի համար համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 0,7 % աճ է կանխատեսում, «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը՝ 0,5 %:
«Ես ինքս հակված եմ, որ, ամեն դեպքում, մեզ կհաջողվի նույնպես տնտեսական սահմանափակ աճի կարգավիճակով ամփոփել 2020 թվականը, բայց կոնկրետ կանխատեսումներ կդժվարանամ իրականացնել, մենք, ըստ էության, ունենք որոշակի վերլուծություններ, բայց հաշվի առնելով զարգացումների դինամիկան, դժվարանում ենք հրապարակել: Նորից եմ կրկնում՝ կախված այն բանից՝ որքան կտեւի այս գործընթացը»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի կարծիքով, Ասիական զարգացման բանկի նշած 2.2%-ը մնացած կառույցների կանխատեսումներից էականորեն տարբերվում է նաեւ այն պատճառով, որ այդպիսի կառույցներում երկար է տեւում ուսումնասիրությունից հրապարակում ընկած ժամանակահատվածը. «Զեկույցը հրապարակվել է 2 օր առաջ, բայց մենք չգիտենք թե, երբ են իրականացրել կանխատեսումը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հայկազ Ֆանյանի լուսանկարը՝ իր ֆեյսբուքյան էջից