Օրերս թարգմանաբար գրել էինք այն մասին, թե ինչու են ֆուտբոլիստները խաղադաշտ մտնում երեխաների հետ: Հիմա կփորձենք պարզել, թե ինչու են ֆուտբոլիստները ոտքերը սափրում:
Պատճառները մի քանիսն են: Դրանցից առաջինը ոտքի արտաքին հատվածն է՝ ֆուտբոլիստի «աշխատանքային գործիքներից» մեկը, որն ամեն օր բազմաթիվ հարվածներ է ստանում: Բժիշկները անվերջ աշխատում են ֆուտբոլիստների ոտքերի հետ: Հետեւաբար, ոտքերը սափրած պահելը տրամաբանական է եւ իմաստ ունի, որովհետեւ վիրակապելը, վերքերը մաքրելը շատ ավելի հեշտ է, երբ ոտքի մակերեսը մաքուր է: Մազերը նաեւ վարակի տարածման լրացուցիչ վտանգ են պարունակում: Բացի դա, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին մշտապես մերսումներ են կատարում, ինչը երկկողմանի տհաճ ու դժվար կլինի թե ֆուտբոլիստի, թե մերսողի համար, եթե մաշկը մաքուր չլինի:
Երկրորդ պատճառն այն է, որ ժամանակակից ֆուտբոլիստները միեւնույն ժամանակ գերհրապարակային մեդիա աստղեր են, իսկ այդ ինդուստրիան նրանց որոշակի պահվածք ու վարքագիծ է պարտադրում՝ տատուներ, սանրվածք…եւ մաքուր ոտքեր:
Կարդացեք նաև
Եվ վերջապես երրորդ պատճառը աէրոդինամիկան է, թեեւ դա գիտական ոչ մի հիմնավորում դեռ չունի եւ ավելի շատ մտացածին է թվում: Չկա որեւէ ապացույց, որ մարմնի այս կամ այն հատվածում առատ մազերի առկայության պայմաններում ֆուտբոլիստն ավելի դանդաղ է տեղաշարժվում խաղադաշտում: Եթե այդպես լիներ, Մատտեո Գենդուզին եւ Դավիդ Լուիզը կլինեին ԱՊԼ-ի կրիաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ