Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլիական թխվածք՝ English scones (տեսանյութ)

Ապրիլ 05,2020 14:00

Այս թխվածքից տարիներ առաջ Լոնդոնում էի փորձել եւ անչափ հավանել էի: Պարզվեց, որ նաեւ շատ հեշտ եւ արագ է պատրաստվում եւ այնքան նուրբ, բերանում հալվող, եթերային թխվածք է, որ հաստատ կդառնա ձեր խոհանոցի մշտական բաղադրատոմսերից:

Անհրաժեշտ մթերքները

Ալյուր-500 գրամ

Սոդա-1 թեյի գդալ

Կարագ-85-90 գրամ (կես տուփից մի քիչ պակաս)

Շաքարավազ-2 ճաշի գդալ

Աղ-1 պտղունց

Սոդա-1 թեյի գդալ

Կաթ- 1 բաժակ

Կիտրոնի կեղեւ-1 կիտրոնի

Կիտրոնի հյութ-1-2 ճաշի գդալ

Վանիլի մզվածք-1-2 կաթիլ

Չիր կամ չամիչ-ըստ ճաշակի, կարող եք ընդհանրապես չավելացնել

Պատրաստման եղանակը

Այս խմորի մեջ, ինչպես նկատեցիք, նույնիսկ ձու չկա: Ձեզ պետք չէ ոչ հարիչ, ոչ գրտնակ: Շատ արագ եւ հեշտ է պատրաստվում:

Նախ միացրեք ջեռոցը 210 աստիճան, թող տաքանա, մինչեւ խմորը պատրաստվի:

Սկզբում թասի մեջ լցրեք ալյուրը, սոդան, խառնեք: Ավելացրեք սառը կարագը՝ մանր կտրատած կամ քերիչով քերած: Ձեռքերով փշրեք կարագը ալյուրի հետ՝ մոտ 1-2 րոպե, որ ամբողջությամբ փշուրների վերածվի: Ավելացրեք շաքարավազը, կիտրոնի կեղեւը: Եթե ցանկանում եք կարող եք ավելացնել նաեւ չամիչ կամ որեւէ մանրած չիր, ես ավելացրել եմ հապալասի չիր: Սակայն կարող եք ոչինչ էլ չավելացնել:

 

Այնուհետեւ, ըստ բաղադրատոմսի, մեզ պետք է buttermilk , որը, ըստ էության, խնոցու կարագ կամ կաթնաշոռ ստանալու արդյունքում առաջացած հեղուկն է կամ՝ կտրված կաթ: Դա շատ հեշտ է ստանալը սովորական կաթից: Մեկ բաժակ կաթը տաքացրեք, գոլից մի քիչ ավելի տաք վիճակում ավելացրեք կիտրոնի հյութը եւ վանիլի մզվածքը: (Եթե չունեք վանիլի մզվածք(extract), ապա կարող եք վանիլային շաքար ավելացնել ալյուրին՝ 1 տուփ կամ վանիլինի բյուրեղ՝ մի պտղունց): Կարող եք ընդհանրապես բաց թողնել վանիլը, եթե ձեզ կիտրոնի բույրն ինքնին բավարարում է:

Թողեք 1-2 րոպե, խառնեք: Կաթը կտրվում է, շաղվում է, հենց դա էլ մեզ պետք է: Ավելացրեք այդ կաթը կարագով տրորած ալյուրին եւ արագ-արագ ձեռքերով ի մի բերեք խմորը: Խմորը հունցել կամ լավ տրորել պետք չէ, ճիշտ հակառակը՝ որքան հնարավոր է քիչ է պետք ձեռք տալ խմորին, որպեսզի այն լինի թեթեւ եւ եթերային:

Հենց վրա բերեք եւ խմորն անջատվի թասիկից, ուրեմն պատրաստ է: Տախտակի հատակին մի փոքր ալյուր ցանեք, խմորը շուռ տվեք վրան: Առանց հունցելու ձեռքով այդ գունդը հավաքեք, քառակուսի կամ ուղղանկյուն տեսք ստանա: Մետաղյա շրջանակներով խմորից ստացեք կտորներ: Ավելացած խմորը նորից զգուշորեն վրա բերեք եւ էլի շրջանակներ կտրեք: Դրեք յուղաթղթով ծածկված տապակի վրա: Յուրաքանչյուր կտորի վրա մատերով մի թեթեւ կաթ քսեք:

Թողեք ջեռոցում մոտ 10-15 րոպե, մինչեւ անուշ ոսկեգույն դառնա:

Հանեք ջեռոցից, թողեք մի փոքր հովանա: Այս թխվածքներն ուտում են կամ գոլ վիճակում կամ սառը՝ մեջտեղից կիսած, վրան կարագ ու ջեմ կամ սերուցքային պանիր ու ջեմ քսած: Անգլիացիները ջեմի վրայից էլ սերուցք (сливки) են քսում:

Անչափ համեղ եւ թեթեւ խմորեղեն է: Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հարգելի Մելանյա, շնորհակալություն հետաքրքիր խմորեղենի բաղադրատոմսի համար։ Թույլ տվեք հեշտացնել ձեր բաղադրատոմսը։ Բանը նրանում է, որ Buttermilk-ը դա ամենասովորական կեֆիր է (Кефир), որը կարելի է յուրաքանչյուր խանութից գնել։ Չնայած կարծում եմ ձեր մեթոդով էլ վատ չի ստացվի։
    Հարգանքներս…

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Հարգելի Աշոտ, շնորհակալություն, որ կարդում եք, ուրախ կլինեմ, եթե նաեւ փորձեք պատրաստել: Այդուհանդերձ, ուզում եմ նկատել, որ Buttermilk-ը կեֆիրը չէ, այլ՝ пахта-ն, որն ինչպես նշել եմ, ստացվում է կաթնասերը՝ կարագ պատրաստելու նպատակով հարելու արդյունքում, կամ ինչպես հայերս ենք ասում՝ «Խնոցու թան»: Կեֆիրը, ինչպես նաեւ մածունը ավելի բարձր թթվայնություն ունեն, իսկ Buttermilk-ը կամ տնային պայմաններում կիտրոնով կտրած կաթը՝ ոչ այդքան: Կոնկրետ այս խմորի պարագայում կարծում եմ կեֆիրի կամ մածունի առկայությունը խմորը մի փոքր կծանրացնի, այդքան թեթեւ չի լինի: Այնինչ այլ խմորների համար շատ ավելի նախընտրելի է հենց կեֆիրը կամ մածունը: Սիրով՝ Մելանյա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930