Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց։
Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:
Կարդացեք նաև
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ․ ամէն։
«Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն,
օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով,
օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։
(Մատթ․ ԻԱ 9)
Սիրելի հավատացյալ զավակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը։ Այս հոգեպարար տոնը նշում ենք Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդի աստվածային հրաշագործ ու բուժիչ զորության հայցով մեր ժողովրդի և ողջ մարդկության համար։ Ծաղկազարդը, ինչպես գիտեք, հիշատակն է Երուսաղեմ Փրկչի փառավոր մուտքի, երբ ժողովրդի բազմությունը ուրախությամբ, ձիթենու և արմավենու դալար ճյուղերը ձեռքներին դիմավորում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ բացականչելով. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն` բարձունքներում»։ Քրիստոս բարձրանում էր Երուսաղեմ որպես «գառն Աստծո», որ Իր կյանքը զոհաբերեր խաչի վրա, Իր կենարար արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքի գերությունից և բացեր դեպի Աստված տանող արքայության դռները: Ժողովուրդը դիմավորում էր Նրան որպես հաղթական Թագավորի, ով պիտի ազատություն բերեր օտար տիրապետության լծից։ Սակայն Հիսուս մուտք էր գործում որպես հաղթական Թագավոր, ում անձի մեջ Աստծո խոստումները պիտի իրագործվեին, Նա պիտի հաղթեր մեղքին ու մահվանը՝ ինքնազոհաբերությամբ։ Աշխարհի փրկիչն ու թագավորը, մարմնացյալ Աստծո Որդին, մահացավ անարգ մահով խաչափայտի վրա, որպեսզի Իր հարությամբ մարդկանց շնորհի հավիտենական կյանքի անգին պարգևը: Այս մեծագույն խորհուրդը դժվարընկալելի էր և տակավին դժվարըմբռնելի է շատերի համար։
Սիրելիներ, այսօր բոլորիս հոգիներում Ծաղկազարդի տոնի ուրախության ազնիվ զգացումներն են, բայց նաև՝ համայն աշխարհի և մեր ժողովրդի առջև ծառացած համավարակի մտահոգությունը։ Ցավ ենք ապրում, որ Ավագ Շաբաթվա այս նվիրական օրերին մեր հավատավոր զավակները չպիտի կարողանան եկեղեցիներում համախմբվել և միասնաբար անցկացնել եկեղեցական արարողությունները, սակայն Մեր հայրական հորդորն է, որպեսզի աղոթեք տանը, ընթերցեք Ավետարանը, հատկապես Ավագ Շաբաթվա ընթերցվածքները և հոգևոր ապրումներով ու խոկումով լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ՝ Նրա երկրային կյանքի վերջին օրերի խորհրդին հաղորդ։
Աստվածամուխ Սուրբ Գեղարդից ճառագող օրհնության ներքո կատարեցինք Ծաղկազարդի անդաստանի արարողությունը՝ Մեր սրտում ունենալով մեր ողջ ժողովրդին, ի մասնավորի ապաքինման և մեկուսացման մեջ գտնվող Մեր զավակներին և դժվարին այս իրավիճակի հաղթահարման համար իրենց նվիրյալ ծառայությունը բերող բոլոր անձանց։ Ամենաբուժիչ Սուրբ Գեղարդով օրհնեցինք ձեզ, սիրելի հավատավոր զավակներ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, որ զորանաք հավատով, հույսով ու սիրով, որ Տերը քաջառողջություն շնորհի և ապահով պահի ու պահպանի ձեզ բոլորիդ, և փորձության այս օրերը հաղթահարեք Աստծո շնորհով, ողորմությամբ և օգնականությամբ։ Մենք հաստատ համոզումն ունենք, որ Տերը ազատելու է մեզ վշտերից ու տառապանքներից, պարգևելու է ուժ և կորով, որ կարող լինենք միասնությամբ, համատեղ ջանքերով վերականգնել մեր բնականոն կյանքը։
Հավատավոր զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն է ձեզ, որ այս գիտակցումով աղոթեք, այս տեսլականով գործեք՝ հանուն ձեր ընտանիքների ապահովության, ձեր եղբայրների ու քույրերի առողջության։ Ամենայն լրջությամբ խստագույնս հետևեք պատկան մարմինների հրահանգներին և կատարեք անհրաժեշտ բոլոր ցուցումները։ Գիտենք, որ յուրաքանչյուրդ նեղությունների եք դիմագրավում, ենթարկվում հոգեբանական, առողջապահական, տնտեսական դժվարությունների, որոնց հանդիման առ Աստված ապավինությամբ կոփվում ու ամրանում են հավատքը, մերձավորին սիրո և օգնության ձեռք մեկնելու, հայրենի պետության շուրջ համախմբվելու վեհ գաղափարները։ Այս հանգամանքներում, որպես Ամենայն Հայոց Հայրապետ, կոչ ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին հայրենիքում և սփյուռքում՝ ըստ կարելիության սրտաբուխ նվիրատվություն կատարել համավարակի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին՝ առկա իրավիճակով պայմանավորված անմիջական կարիքներն ու անհրաժեշտությունները հոգալու համար։
Այս օրը սովորաբար, սիրելիներ, Մանուկների օրհնության առիթով մեր եկեղեցիները լի էին երեխաներով, նրանց ժպիտով ու ծիծաղով։ Մենք այսօր աղոթեցինք նաև մանուկների առողջության, նրանց երջանիկ կյանքի և լուսավոր գալիքի համար։ Առանձնակի հոգածությամբ ու հոգատարությամբ խնամատարենք երեխաներին, շրջապատենք ամենայն սիրով ու գուրգուրանքով, սնենք ու դաստիարակենք ազգային, հոգևոր մեր արժեքներով։
Սիրելի զավակներ Մեր, տերունական այս սքանչելի տոնի առիթով ընդունելով Տիրոջը մեր սրտերում, փառաբանենք և օվսաննա վերառաքենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով․ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն՝ բարձունքներում»։ Ամուր մնանք մեր հույսի ու հավատքի մեջ առ Տերը, ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, Իր մահվամբ մահը խորտակեց և Իր Հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ