Հին Հունաստանում մոտ 2500 տարի առաջ Հերոդոտոսը կազմեց յոթ նշանավոր վայրերի հայտնի ցուցակը: Սրանցից հինգը գտնվում էին Հունաստանում: Այնուամենայնիվ, Հերոդոտոսը այս ցուցակը կոչեց «Աշխարհի յոթ հրաշալիքներ»: Այդ ժամանակ շատերն էին ցանկանում այցելել այդ վայրերից գոնե մեկը:
Ցավոք սրտի, այսօր այդ հրաշալիքներից պահպանվել է միայն մեկը` Քեոփսի բուրգը, որը գտնվում է Եգիպտոսում: Սակայն սա մարդկանց զերծ չի պահում կազմել աշխարհի հրաշալիքների նոր ցուցակներ: Դրանցից մի քանիսը պահպանվել են հին ժամանակներից, մյուսները նոր են:
Քեոփսի բուրգը
Անտիկ ժամանակների ամենահայտնի և ամենատարօրինակ կառույցները, հավանաբար, բուրգերն են: Գիզայում գտնվող Քեոփսի բուրգը ներառված էր Հերոդոտոսի աշխատանքում: Այն շատ հայտնի է նաև այսօր: 150 մետր բարձրություն ունեցող բուրգը 4500 տարեկան է: Հնեաբանները հաշվել են ավելի քան 2.3 միլիոն մեծ քարեր այս կառույցում: Դրանցից յուրաքանչյուրը կշռում է շուրջ 2000 կգ: Կան բազմաթիվ տեսակետներ այն մասին, թե ինչպես են հին եգիպտացիները տեղաշարժել այս հսկայական քարերը: Սակայն իրական պատասխանը ոչ ոք չի կարող տալ:
Կարդացեք նաև
Համենայն դեպս, մենք ունենք մեկ այլ հարցի պատասխան. ինչո՞ւ են եգիպտացիները կառուցել բուրգեր: Հին եգիպտացիների համար կյանքի ավարտը մեր աշխարհում նշանակում էր մեկ այլ կյանքի սկիզբ: Այդ բուրգերը պետության մահացած կառավարիչների` փարավոնների համար էին կառուցվում: Նրանք իրենց մի քանի թանկարժեք իրերի հետ փակվում էին բուրգերում: Այսինքն` կառավարիչները նույնիսկ մահացած ժամանակ էին հարուստ:
Քեոփսի բուրգի կառուցումը տևել է շուրջ 20 տարի: Բուրգի ներսում կա 3 մեծ սրահ:
Չիչեն Իցա
Այնուամենայնիվ, եգիպտական բուրգերը աշխարհում միակը չեն: Կարող եք բուրգեր տեսնել նաև Մեքսիկայում:
Չիչեն Իցան մայաների հսկայական քաղաք էր, որը գտնվում էր Մեքսիկայի Յուկատան նահանգում: Մայաները բուրգի կառուցումը սկսել են 6-րդ դարում: Այդ ժամանակ քաղաքում կային բազմաթիվ կառույցներ:
Այսօր մարդիկ կարող են տեսնել դրանցից մոտ երեսունը: Ամենամեծը Կուկուլկանի տաճարն է, որ գտնվում է քաղաքի կենտրոնում: Բուրգի ներսում կա երկրորդ, ավելի հին տաճարը, որը աստիճաններով տանում է դեպի փարավոնի սենյակ` իր գահով և արձանով:
Բուրգին մոտ կա մի տարածք, որ նախատեսված էր մայաների գնդակախաղի համար: Սակայն այս խաղը անչափ վտանգավոր էր, քանի որ գնդակը պատրաստված էր բավականին ծանր նյութից. նույնիսկ մասնակիցները կարող էին զրկվել գլխից:
Չինաստանի Մեծ պատը
Այն աշխարհի ամենահայտնի պատն է թերևս: Չինարենից թարգմանվում է որպես «երկար պատ»: Մի ժամանակ դրա երկարությունը 6400 կիլոմետր էր:
Չինացիները առաջին անգամ պատի կառուցումը սկսել են դեռևս 2500 տարի առաջ: Դա պաշտպանում էր երկիրը հյուսիսային հատվածում: Հետագայում նրանք կառուցեցին երկրորդ պատը` այսօրվա Մեծ պատը, մոտ 500 տարի առաջ: Սա ավելին էր, քան պատը: Ամենաբարձր հատվածներում չինացիները նույնիսկ աշտարակներ էին կանգնեցնում: Մի ժամանակ պատի վրա աշխատում և միաժամանակ երկիրը պաշտպանում էին ավելի քան մեկ միլիոն տղամարդ:
Այսօր Մեծ պատը հայտնի զբոսաշրջային վայր է: Դրա որոշ հատվածներ ավելի հայտնի են, քան մյուսները: Դրանցից ամենահայտնիներից մեկն անցնում է լեռների միջով: Ամենաբարձր աշտարակը 980 մետր է:
Իհարկե, ներկայումս Մեծ պատի որոշ հատվածներ ոչնչացվել են: Մարդիկ քանդում էին այն` օգտագործելով քարերը տներ կառուցելու համար: Մեկ այլ հատվածում քամին և անձրևներն են պատի մասշտաբի կրճատման առիթ հանդիսանում: Տարիներ առաջ այն ուներ 5 մետր բարձրություն, սակայն այսօր այն ընդամենը 2 մետր է:
Ամալյա Ղազանչյան
Արուս Ստեփանյան