Լրահոս
Օրվա լրահոսը

Կախված վիճակում հայտնաբերված 12 ամյա տղան դեպքից առաջ ջղայնացել է եղբոր վրա, շիշը նետել վրան, դուրս եկել

Ապրիլ 03,2020 23:00

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում երեկ՝ առավոտյան տեղի ունեցած 12 ամյա տղայի ինքնասպանության դեպքը հանելուկ է երեխայի ծնողների ու համագյուղացիների համար:

«Սաղիս համար էլ հանելուկ է մնում, թե ինչից կարող է լինել: Մի քանի տարբերակ ենք մտածում, մեկը կարող է պատահականություն լինել, որովհետեւ, թելը, որով կախվել է, օղակ չի սարքել, գցել վիզը, մտածում ենք, որ բարձր տեղ է կանգնել, որ վերեւից թելը կապի, որ խաղա կամ ինչ-որ բան կախի, ես ինչ իմանամ, այդտեղից ոտքը սահել է, ու թելը ընկել վիզը կամ երեւի երեխեքին փորձել է ինչ-որ բան ցույց տալ, զարմացնել: Մի բան կարող եմ ասել, որ այդ երեխայի ընտանիքը շատ նորմալ ընտանիք է, շատ կազմակերպված, ընտանիքի մթնոլորտը շատ լավ, երեխաները՝ դաստիարակված: Հայրը պայմանագրային զինծառայող է, իսկ մայրը զորամասի ճաշարանում է աշխատում»,- Aravot.am-ին ասաց Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Ըստ նրա՝ մահացած երեխան եւս երկու եղբայր ունի, ընտանիքի ավագ որդին էր. «Երեխեքով խաղացել են, ասում են՝ փոքր եղբոր վրա է ջղայնացել, կապրոնի փոքր շիշ է շպրտել փոքրիկի վրա ու դուրս է եկել:  Մի քիչ հետո երեխեքը կանչել են՝ Ավետիս, Ավետիս, հարեւանից էլ են հարցրել, թե կարող է իրենց տուն է գնացել: Հարեւանի կինն էլ տեսել է երեխեքին, ջղայնացել, թե հազար ձեւի հիվանդություն կա, ինչու եք դուրս եկել: Ինքն էլ է սկսել ձայն տալ Ավետիսին: Հետո գոմ են մտել, այնտեղ փնտրել ու տեսել են կատարվածը»:

12-ամյա տղան, ըստ գյուղապետի, լավ սովորող ու լավ վարքագիծ ունեցող երեխա է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930