Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ-ն կոչ է անում ապահովել մամուլի ազատ աշխատանքը պանդեմիայի ժամանակ. անդրադարձ կա նաև ՀՀ-ում ստեղծված իրավիճակին

Ապրիլ 03,2020 22:15

Առողջության հետ կապված գլոբալ խնդիրները, որոնք առաջացել են COVID-19 համավարակի պատճառով, արդյունավետ միջոցառումներ են պահանջում` մարդկանց առողջությունը և կյանքերը պաշտպանելու համար, ինչը ներառում է նաև ապատեղեկատվության դեմ պայքար, որը կարող է խուճապ և անկարգություններ առաջացնել:  Ցավոք, որոշ կառավարություններ ստեղծված իրավիճակն օգտագործում են որպես պատրվակ` մամուլի դեմ ոչ համաչափ սահմանափակումներ մտցնելու համար: Սա հակաարդյունավետ մոտեցում է և պետք է դադարեցվի:  Հատկապես ճգնաժամի պարագայում մենք պետք է պաշտպանենք մեր թանկարժեք ազատությունը և իրավունքները: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի մարու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ: Նա անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Հանձնակատարը շեշտել է, որ մի շարք երկրների խորհրդարաններ, կառավարություններ, տեղական ինքնակառավարման ղեկավարները ընդունում են օրենքներ, հրահանգներ, որոշումներ, որոնք ակնհայտ խոչընդոտում են լրագրողների և լրատվամիջոցների մյուս ներկայացուցիչների աշխատանքը և սահմանափակում են տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը: «Հայաստանում  մի շարք թերթեր և կայքեր ստիպված ջնջել են տեղեկատվությունը խիստ կանոնների ընդունումից հետո, որոնց համաձայն արգելվում է բժշկական կամ համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը, եթե այն լիովին չի համապատասխանում պաշտոնական տեղեկատվությանը»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հունգարիայում, Ռուսաստանում համավարակը լուսաբանող լրագրողներին սպառնում են տուգանքներ, ընդհուպ մինչև 5 տարվա ազատազրկում այսպես կոչված կեղծ տեղեկատվության տարածման համար, իսկ Ադրբեջանում էլ առցանց լրատվամիջոցներին արգելել են «վնասակար տեղեկատվության» տարածումը:

Ռումինիայում իշխանությունները իրավունք ունեն ջնջել բովանդակությունը կամ արգելափակել կայքերը, որոնք «կեղծ տեղեկատվություն» են հրապարակում COVID-19-ի մասին:  Իսկ օրինակ Չեխիայում, Սերբիայում և Իտալիայում գրանցվել են դեպքեր, երբ լրագրողներին արգելել են մասնակցել մամուլի ասուլիսների կամ տեղեկատվություն ստանալ առողջապահական ոլորտի ղեկավարությունից:

Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի լրագրողները կարողանան աշխատել անվտանգ պայմաններում` չվախենալով հետապնդումներից և ահաբեկումներից: Օրինակ Թուրքիայում մի քանի լրագրողներ են ձերբակալվել COVID-19-ի մասին նյութեր պատրաստելուց հետո:

«Կասկածից վեր է, որ կառավարությունները բախվել են աննախադեպ մարտահրավերների համավարակի պայմաններում: Բայց դա չի կարող ծառայել որպես պատրվակ մամուլի դեմ հարձակումներ իրականացնելու և տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար: Լրագրողները և մեդիան անփոխարինելի աշխատանք են իրականացնում, որը ծառայում է  հօգուտ հանրության: Նրանց աշխատանքը պետք է պաշտպանված լինի, ոչ խոչընդոտվի»,-նշել է Դունյա Միյատովիչը` ԵԽ անդամ երկրներին կոչ անելով պահպանել մամուլի ազատությունը և թույլ չտալ, որպեսզի ապատեղեկատվության դեմ ձեռնարկվող միջոցները խոչընդոտեն լրագրողների աշխատանքը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930