Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Մանրամասնորեն վերլուծում ենք Հայաստանի հավաքականի խաղերը»

Ապրիլ 03,2020 21:21

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մանրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային հանդիպումները, զրուցել նրանցից մի քանիսի հետ: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է իր կատարած աշխատանքի և ապագա ծրագրերի մասին.

-Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: Որո՞նք են ձեր գլխավոր եզրահանգումները:

-Դիտել եմ հավաքականի վերջին հանդիպումները, այժմ  գնահատում և վերլուծում ենք բոլոր ֆուտբոլիստներին անհատապես: Իմ օգնական Լուսիանոն ինձ համար տեսանյութեր է պատրաստում: Մենք վերլուծում ենք թիմի բոլոր գործողությունները՝ խաղը տարբեր օղակներում, դրանց միջև համագործակցությունը, ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները տարբեր դիրքերում և  խաղի այլ բաղկացուցիչներ:

-Նախորդ շրջափուլում մեր հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ, ի՞նչն էր ընկած այդ հաջողության հիմքում:

-Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում:

-Խաղային ո՞ր օղակները բարելավման կարիք ունեն:

-Երևում է, որ տղաները տեխնիկապես լավ են պատրաստված: Շատերը բարձրակարգ առաջնություններում են հանդես գալիս: Մենք լավ հավաքական ունենք, սակայն կատարելագործվելու տեղ միշտ կա: Հիմա մենք մանրամասնորեն վերլուծում ենք հավաքականի բոլոր խաղերը և ֆուտբոլիստներին, որպեսզի հասկանանք՝ ինչի կարող ենք հավակնել:

-Մեր թիմը շատ ավելի լավ է խաղում ուժեղ մրցակիցների դեմ, և հաճախ դժվարություններ է ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Կարծում եմ` դա պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և որ բոլոր խաղերը, նույնիսկ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակչի:

-Իսպանիայում մշտապես աչքի եք ընկել երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու ունակությամբ: Պատրաստվո՞ւմ եք թարմացնել հավաքականի կազմը՝ ընդգրկելով նաև երիտասարդ ֆուտբոլիստների:

-Մենք մշտապես կապի մեջ կլինենք տարիքային տարբեր հավաքականների մարզիչների հետ և միասնաբար կաշխատենք գլխավոր թիմի համար համապատասխան ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ: Այժմ ես աշխատում եմ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որն ինձ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է տրամադրում և պատրաստում տեսանյութեր: Երբ մրցաշարերը վերսկսվեն, արդեն անձամբ կդիտենք նրանց ելույթները:

-Իսկ կա՞ն թեկնածուներ, ովքեր նախկինում չեն կրել հավաքականի մարզաշապիկը, կամ տևական դադարից հետո կրկին կհրավիրվեն հավաքական:

-Մենք հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունենան միանալ հավաքականին և պաշտպանել մեր թիմի պատիվը:

-Հասցրե՞լ եք շփվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Ո՞ւմ հետ և ի՞նչ հարցեր եք քննարկել:

– Կցանկանայի բոլորի հետ անձամբ զրուցել, սակայն հանգամանքները թույլ չտվեցին: Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, նրա խաղը բազմիցս դիտել եմ: Համոզվեցի, որ ոչ միայն տաղանդ և խաղային շատ բարձր որակներ ունի, այլև մարդկային հիանալի հատկանիշներ: Նա առաջնորդ լինելու կարողություն ունի, նվիրված է իր երկրին և հավաքականին ու խանդավառված է մեր նոր նախագծով:

Այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ կարող են միանալ․ օրինակ, խոսել եմ Արշակ Կորյանի հետ, որը նույնպես շատ ոգևորված է հավաքականում հանդես գալու հնարավորությամբ: Նա նշեց, որ նախկինում ևս ցանկացել է միանալ հավաքականին, սակայն «լեգեոներների» հետ կապված խնդիրը մշտապես խոչընդոտ է հանդիսացել:

-Ձեր մարզչական շտաբն արդեն հայտնի՞ է։

-Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մարզիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930