Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Իսրայելում մնացած հայ ուսանողները չեն կարողանում վերադառնալ. ԱԳՆ-ի պարզաբանումը

Ապրիլ 03,2020 19:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր «ֆեյսբուքյան» էջում այսօր ահազանգել է. «Քիչ առաջ ինձ է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ, որը ստեղծված իրավիճակում հայտնվել է ծանր կացության մեջ։ 9 երեխա ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում։ Հիմա դպրոցն իրենց ընդունել է և խոստացել պահել այնքան ժամանակ մինչև չգտնվի ելք դուրս գալու երկրից։ Նրանց փորձել է օգնել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան` Արմեն Սմբատյանը, սակայն խնդիրը լուծել չի հաջողվել։ Դիմում եմ լրատվամիջոցներին՝ խնդրի բարձրաձայնման եւ պատկան մարմինների առջեւ այն դնելու խնդրանքով: Միաժամանակ առաջարկում եմ Կառավարությանը չարտերային թռիչք կազմակերպել եւ վերադարձնել աշակերտներին Հայաստան։ Իմ հաշվարկով այդ emergency flight-ը կարժենա մոտ 30 000 $՝ այսինքն մոտ 20 պատգամավորական «պարգեւավճար»: Սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուներին հորդորում եմ կապ հաստատել այդ աշակերտների հետ, իսկ մեր եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին՝ խնդրում աջակցել նրանց»:

Հարցի առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն Aravot.am-ին տվեց հետեւյալ մեկնաբանությունը. «Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանողներ, որոնք  այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ: Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան: Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ-ն և պարետատունն ամբողջովին տիրապետում են  ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված և ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում:

Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձևը և ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները և կոնկրետ իրավիճակը: Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու և այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն և լուրջ վերաբերմունք բոլորի կողմից»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի դրությամբ Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6211 է, մահացել է 33 մարդ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930