Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներն, այդ թվում նաեւ աշխատակիցների առողջության եւ աշխատանքի անվտանգության կանոնների պահպանումն առեւտրի կետերում, խոշոր ցանցերում, կարելի է ասել, լիարժեք չեն պահպանվում:
Կան խանութներ, որոնց աշխատակիցները ձեռնոցները հաճախ չեն փոխում. Օրինակ՝ նույն ձեռնոցով շփվում են խանութի տարբեր մակերեւույթների հետ, հետո կպնում սնունդին:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հսկողություն, մշտադիտարկում է իրականացնում նաեւ խանութներում: Նշված խնդրի վերաբերյալ տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց, որ խանութներին ուղեցույցներ են տրամադրել, դրանք փակցվում են տեսանելի վայրում, հաճախորդների նաեւ գործատուների համար են, եւ այն օգտակար է լինում հատկապես, երբ հենց գործատուից են պահանջում կանոնները պահպանել:
«Թե գործատուները քանի անգամ են ձեռնոց կամ դիմակ տալիս, մենք նույն պահին եք տեսնում, արձանագրում: Օրինակ՝ ջերմաչափման մոդելը՝ վարձու աշխատողների համար մատյան պետք է վարվի եւ յուրաքանչյուրի անվան դիմաց գրվի, թե որ ժամին է ջերմաչափվել ու արդյունքները: Սա կարողանում ենք վերահսկել, իսկ ձեռնոցը՝ ոչ, բացի նրանից, թե տվյալ պահին ինչ ենք տեսնում»:
Կարդացեք նաև
Ավագյանն ասաց, որ տեսչական մարմնի այցելությունների ժամանակ նկատել են՝ գործատուները երբեմն ձեւական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատակիցներին. «Ակնհայտ է, որ մեկ ժամից ավել չի կարող կրել, որովհետեւ այնպիսի նյութով է պատրաստված, որ չի կարող շնչել: Պատահական չէ, որ անունը շնչադիմակ է, ու քանի դեռ չկան այս դիմակների համար մշակված չափորոշիչները, դրանք առնվազն գոնե շնչելու հնարավորություն պետք է ունենան»:
Ավագյանն ասաց, որ այդ շնչադիմակների համար չափորոշիչները մշակվում են:
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանների ծառայողական աշխատանքն ավելի ռիսկային է դարձել, քանի որ նրանք փաստաթղթեր ստուգելու համար տարբեր քաղաքացիների հետ են շփվում եւ վարակի փոխանցման ռիսկը մեծանում է: Այս հանգամանքը հաշվի առնելով, Aravot.am-ը Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք ստուգել են ոստիկանների առողջության պահպանման անվտանգության ապահովումը, քանի որ նրանցից շատերն անգամ դիմակը ճիշտ չեն կրում, ձեռնոց չեն հագնում:
«Ոստիկանական համակարգում չենք արել, բայց համայնքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ըստ բողոքների, մշտադիտարկում արել ենք: Եղել են խախտումներ, տեղեկացրել ենք վերացնեն դրանք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ