Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք եթե ասելիք ունեք, պետք է գնաք հանձնաժողով, կամ պետք է լռեք ու չխոսեք». Հովհաննես Իգիթյանը՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում Խաչատուրովի, Սերժ Սարգսյանի ասածների մասին

Ապրիլ 03,2020 19:03

«Ցանկացած մարդ, որ ունի կամերա ու ունի ինտերնետ, կարող է ցանկացած ֆիլմ նկարել եւ ցանկացած ձեւով մեկնաբանել: Իսկ պետական մարմնում՝ ԱԺ հանձնաժողովում մասնագիտական հարցեր են տալիս ու մասնագիտական պատասխաններ պետք է հնչեն, ընդ որում, այդ հանձնաժողովի աշխատանքներն էլ փակ են, մարդիկ այնտեղ աշխատում են ոչ թե PR ձեռք բերելու, այլ՝ կոնկրետ նպատակի համար»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն այսպես արձագանքեց երեկ ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմին, որը հեղինակել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Ֆիլմում նախկին եւ գործող բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադառնում են հարցադրմանն այն մասին, թե ապրիլյան դեպքերի ժամանակ բանակի ղեկավարությունն արդյոք նախապես տեղյակ եղե՞լ է հակառակորդի լայնածավալ նախահարձակ գործողություններից:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը ֆիլմում ասում է, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանին հաջողվեց հանկարծակիությունն ապահովել. «Քանի որ սովորական հետախուզական տվյալներ ունեինք այն մասին, որ պետք է դիվերսիոն-հետախուզական խմբեր գործեն: Սովորաբար, միաժամանակ 2-3, իսկ երբեմն՝ 4 խումբ էր միաժամանակ աշխատում, բայց այս դեպքում գրեթե ամենուր էին»: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընդգծում է. «Ապրիլյանից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր որեւէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել, թե մենք իբր թե գիտեինք պատերազմի մոտալուտ վտանգի մասին: Նույնիսկ օր էին նշում, բայց դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ էին: Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե 216 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ինչ է նշանակում ընդհանրական զեկույցն այն մասին, թե երբեւէ հնարավոր է ռազմական գործողություն»:

Հովհաննես Իգիթյանն արձագանքեց. «Ինչ-որ մեկի կողմից սարքած ֆիլմ, մամուլում ինչ-որ հայտարարություններ այն ժամանակ պատասխանատու մարդկանց կողմից…այդ  ձեւաչափը ես չեմ համարում լուրջ ֆորմատ: Հայաստանում կա մեկ ֆորմատ, որը ստեղծվել է ԱԺ-ում, դա ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն է, եւ ինձ թվում է, որ բոլոր մարդիկ, որոնք այն ժամանակ պատասխանատու պաշտոններ ունեին ու ասելիք ունեն, ոչ թե պետք է մամուլին տան, այլ գան այնտեղ ու մասնագիտացված ձեւով ներկայացնեն: Այս հանձնաժողովի հիմնական նպատակը մարդկանց պատժելը չէ, այլ ուսումնասիրելն է, թե ինչու այդպես եղավ, ինչու պատրաստ չէր պաշտպանության բանակը եւ Հայաստանը տեղյակ չէր, պատրաստ չէր, ինչ թերություններ են եղել առաջնային գոտում, երկրորդ, երրորդ գծերում: Այս հարցերի պատասխանն է այսօր պետք եւ հիմնական նպատակն այն է, որ այսօրվա պաշտոնյաները նույն սխալները չկրկնեն, Արցախի ու Հայաստանի պաշտպանության բանակը պատրաստ լինի այդպիսի պրովոկացիաների, հարձակումների Ադրբեջանի կողմից: Իսկ մնացած ամեն ինչը PR է, ես դա լուրջ չեմ համարում»:

Հարցին՝ Յուրի Խաչատուրովը մերժել է ապրիլյան քննիչ հանձնաժողովի հրավերը ու չի եկել նիստին, բայց ֆիլմում նա խոսում է, ինչո՞վ եք դուք սա բացատրում, ինչո՞ւ է նա խուսափել գալ ԱԺ հանձնաժողով, երբ առանցքային դերակատարում ուներ՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Գիտեք, երկրներ կան եւ մամուլում էլ այդ մասին հնչել է, որ մենք պետք է այնպիսի ձեւաչափ ունենանք, որ ԱԺ-ի հանձնաժողովի հրավերը պարտադիր լինի մարդկանց գալու համար: Ցավոք, չունենք, ու մարդիկ կամավոր են որոշում, կարգը չկա: Բայց, բոլոր դեպքերում, չգալը եւ հարցերին պատասխանելուց հրաժարվելն արդեն որոշ եզրակացությունների առիթ է տալիս: Ես գտնում եմ, որ մարդիկ առնվազն բարոյականության կամ հասարակական պարտքի կատարման ձեւով պետք է ներկայանան ու պատասխանեն: Դուք, եթե ասելիք ունեք, պետք է գնաք հանձնաժողով, կամ պետք է լռեք ու չխոսեք, ես այդպես եմ  պատկերացնում: Ասելիք ունես՝ գնա հանձնաժողովին ասա, թե չէ խոսել ամեն տեղ այլ ձեւաչափով ես ճիշտ չեմ համարում: Եվ գտնում եմ, որ այդպիսի պաշտոն զբաղեցրած մարդիկ իրենց պատասխաններում պետք է շատ զգույշ լինեն, նկատի ունեմ բաց պատասխաններում, որովհետեւ իրենց ասածների մեջ առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն եւ նույնիսկ այդպիսի բաց տեքստով նրանք ուղղակի կամ անուղղակի նաեւ պետական գաղտնիք են տարածում բոլորին, այդ թվում նաեւ մեր հակառակորդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930