Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի կարծիքով՝ մեր երկիրն, ինչպես ողջ աշխարհը, պայքարում է արհեստականորեն ներմուծված կենսաբանական թագավարակի դեմ:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա քննադատեց ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն ու որպես թագավարակի դեմ պայքարի դրական օրինակ բերեց Չինաստանի գործողությունները. «Չինաստանն արագ իր ուսումնավարժանքներն անցկացրեց, իր ամբողջ բնակչությանը մարդահամարի տարավ, ֆիքսեց՝ ով կա, ով չկա, թե ինչքան անօրինական քաղաքացիներ են բնակվում իր տարածքում, կարգավորեց իրավիճակը, և այժմ համաշխարհային տնտեսության մեջ շատ ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում: Այն պետությունները, որոնք հարձակվել են իրենց տարեցների վրա, նրանք ուղղակի այդ տարեցների հաշվին ապահովագրական ընկերություններից խոշոր գումարներ են ստանալու: Եթե այդ ինստիտուտը դեռ մեզ մոտ կայացած չէ, զարգացած երկրներում շատ կայացած է: Նման համաճարակային իրադարձություններում մահվան գրանցման դեպքում՝ ոչ բնական, այլ արհեստական, ապահովագրական ընկերությունները հսկայական գումարներ պիտի վճարեն ընտանիքներին: Իսկ թե հետագայում ինչ խոշոր կոռուպցիոն սցենարներ կբացահայտվեն, ժամանակը ցույց կտա»:
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն ասաց՝ այն, ինչ անում է այսօր կառավարությունը, իր համար ընդունելի է, քանի որ այն վերաբերում է հանրային առողջությանը: Այնուհետև շարունակեց. «Բոլոր տիպի սահմանափակումները և այլն ընդունելի են: Սակայն այստեղ մի լուրջ խնդիր կա: Այս գործողությունները նման են Զատիկից հետո սիրուն ներկված ձվերի, քանի որ ուշացած են»:
Նա հիշեցրեց, երբ ժամանակին իրենք իշխանությանը զգուշացնում էին, որ պետք է արտակարգ դրություն սահմանել, օդային կապը որոշ երկրների հետ սահմանափակել, բայց նրանք չէին ընդունում ու մանրամասնեց. «Նրանք ուղղակի ծաղրով ասում էին, թե՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»: Առողջապահության նախարարի շուրթերով ասում էին, որ կորոնավիրուսը լուրջ վտանգ ներկայացնող հիվանդություն կամ վարակ չէ: Այսօր այդ անհեռատեսության պատճառով է այս վիճակը»:
Կարդացեք նաև
Հովհաննես Շահինյանն էլ քննադատեց, թե արտակարգ դրությունը, կարծես, իշխանությանը չի վերաբերում ու ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ մի քանի տասնյակ մարդիկ՝ թեկուզ Եռաբլուր են գնում, ԱԺ նիստեր են անում, կառավարության նիստեր են անում»:
Նարեկ Մանթաշյանի համար անընդունելի են պարգևավճարների մասին հայտարարությունները. «Ասում են՝ մեր ամենամսյա պարգևավճարները ուղղում են սոցիալական աջակցության ծրագրերին: Որտե՞ղ է գրված, որ ամեն ամիս պիտի պարգևավճար ստանան, որ հիմա էլ մեր հաշվին մեզ իբր օգնում եք. անունը դնում եք, թե մեծ հոգի ու սիրտ ունեք»:
Նարեկ Մանթաշյանը մտահոգություն հայտնեց, որ գյուղացիների վիճակն է բարդ այս օրերին. «Գյուղացու համար ծախսատար շրջան է՝ գարնանացանի հետ կապված: Գյուղացին չունի ֆինանսական հնարավորություն, իշխանությունները որևէ կերպ չեն աջակցում, բանկերը վարկեր տալու հնարավորություն չեն ընձեռում: Ի՞նչ անի գյուղացին, որ մեզ փրկի սպասվող սովից»:
Հովհաննես Շահինյանն այսպիսի լուծում է առաջարկում. «Մենք պետք է ոչ թե Լուկաշենկոյի կամ Միլլերի հետ քննարկենք, այլ ՌԴ պետության բարձրագույն ղեկավարության հետ մեր ղեկավարությունը պիտի կարողանա խոսել: Մեր գյուղատնտեսական արտադրանքի առյուծի բաժինը գնում է ՌԴ: Տրանսֆերտների հիմնական մասը Ռուսաստանից է, մեր արտագնա աշխատողները այսօր պատանդ մնացին, իսկ դրսում աշխատողները գումար չեն վաստակում: Պետք է իրավիճակը կարգավորենք, որ գոնե ունենանք բեռնատար ինքնաթիռներ, որոնք օդային ճանապարհով կտեղափոխեն այստեղից գյուղատնտեսական ապրանքները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ