Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե խանութներ, սուպերմարկետներ, շուկա կատարած շրջայցի ժամանակ արձանագրե՞լ է արդյոք գնաճ։ Այս մարզում մեծ դժգոհություններ կան որոշ ապրանքատեսակների ու մրգերի գների կտրուկ թանկացման շուրջ։
«Շրջայցի նպատակն ավելի շատ ծառայությունների անընդհատության ու պահպանման տիրույթը ուսումնասիրելն է, գնաճի հետ կապված, հատկապես առաջին կենսական նշանակություն ունեցող ապրանքների, մեր մարզպետարանի համապատասխան ծառայողներն ամենօրյա ռեժիմով ստուգում են տվյալները մի քանի խանութներում և դրանք ներկայացնում ենք կառավարություն՝ հետագա մշակման և գործողությունների համար։ Այսինքն՝ այս տեսանկյունից գնաճն ունի երկու բաղադրիչ՝ մեկը բնական բաղադրիչն է՝ պայմանավորված մի քանի օբյեկտիվ գործոններով․ կան ապրանքներ, որոնք արտարժույթով են միջազգային շուկայից գնվում։ Այսինքն՝ այդ արտարժույթի փոփոխությունն է, և կա սպեկուլյատիվ բաղադրիչ, որը դառնում է մեր համար ամենամտահոգիչը։ Իհարկե, սպեկուլյատիվ բաղադրիչը հնարավորինս իջեցնելու խնդիրը մեզ համար շատ կարևոր է։ Եթե հիշում եք, մի ընթացք մենք ունեցանք այլուրի հետ կապված խնդիր, սակայն մի քանի օրվա մեջ այդ խնդիրը լուծվեց։
Հիմա կան ոլորտներ, որտեղ սեզոնային պահանջարկը միանգամից մեծանում է, և երբ այսպիսի ֆորսմաժորներ են լինում, մենք ունենում ենք խնդիրներ։ Օրինակ՝ խնդիրներից մեկը, որի հետ կապված մենք ինտենսիվ աշխատում ենք մեր համայնքների հետ, պարարտանյութերի շուկայում ստեղծված իրավիճակն է, որովհետև գյուղատնտեսական այս շրջանին ընդառաջ մենք որոշակի ընդհատումներ ունեցանք պարարտանյութերի՝ Հայաստան, մասնավորապես Շիրակի մարզ մտնելու հետ կապված։ Եվ այնտեղ կա որոշակի գնաճ, որովհետև պարարտանյութը միշտ արտարժույթով գնվող է, և հիմա մենք մտահոգված են ծավալների, հոսքերի կառավարմամբ և ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, որ հնարավորինս արագ այս խնդրակազմերը դուրս գան։
Մեր մարզի շուկան այսօր մեծ ծավալի պարարտանյութեր է ներկրում Վրաստանի գործարանից։ Գործարանում, ինչքան գիտեմ, խնդիրներ կան թե՛ արտադրական ցիկլի ծավալների հետ, և թե՛ նաև տարբեր մատակարարների ժամանակին մատակարարելու հետ՝ պայմանավորված այս գլոբալ ֆորսմաժորով, ինչի արդյունքում մենք այն ծավալը, որը պատվիրել էինք Շիրակի մարզից, դրա մի փոքր մասն ենք ներկրել։
Կարդացեք նաև
Ընդամենը երկու վագոն պարարտանյութ է ներկրվել Հայաստան, չնայած խոսք են տվել մյուս մասնաբաժինը բերել մյուս շաբաթ, բայց հաշվի առնելով գյուղատնտեսական այս ակտիվ շրջանը՝ ամեն ինչ անում ենք, որ այդ խնդիրը լուծվի ֆիզիկապես և ժամկետները մարդկանց համար ընկալելի լինեն, հնարավորինս դուրս հանենք այս ռիսկային շրջանը, որովհետև պարզ է, որ ամենաակտիվ գյուղատնտեսական շրջանն է։
Գյուղատնտեսությունը մեզ համար շատ կարևոր առաջնահերթություն է, քանի որ այն ապրանքը, որի համար մենք անհանգստանում ենք, պարենային ապահովության երաշխիքներից մեկն է։ Իսկ այս իրավիճակը ցույց տվեց, որ այո՛, գյուղատնտեսությունը հենց ռազմավարական կարևոր ոլորտներից է և գյուղատնտեսական ապրանքի առկայությունը լուծելու է մեզ համար խնդիրներ»,-ասաց մարզպետը։
Շիրակի մարզպետը նշեց, որ այս իրավիճակը սկսվելուն պես, երբ պիտի հասկանային, թե պարենի ինչ ծավալներ կան տարբեր մարզերում, պարզել են, որ Շիրակի մարզի ֆերմերները շատ մեծ ծավալի կարտոֆիլ ունեն կուտակած։ Ըստ մարզպետի, այդ պաշարը, մինչև նոր գարնանային ցանքսի ի հայտ գալը, փակելու է մեր երկրում կարտոֆիլի պահանջարկը։ Այնպես որ ռազմավարական նշանակություն ունեցող պարենային մեկ ապրանքով մեր երկիրն ապահովված է։ Այս օրերին հարևան շուկայում կարտոֆիլի դեֆիցիտ է եղել, նաև գնաճ է արձանագրվել, Շիրակի մարզի տնտեսվարողների մի մասը բավական լավ պայմաններով այն իրացրել է հարևան շուկայում։
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե հացահատիկի ինչքան պաշար ունենք մարզում։
«Հենց հիմա հացահատիկային մշակաբույսերի ցանքսի շրջանն է սկսվելու, եղանակային պայմանները կայունանալուց հետո արդեն կսկսվի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ պրոցեսի մեկնարկին գյուղատնտեսների համար անհրաժեշտ պարարտանյութերը լինեն, եթե նկատեցիք, այն տնտեսական սահմանափակումները, որոնք եղան պարետի կողմից ոլորտների հետ կապված, գյուղատնտեսությունն այն քիչ ոլորտներից է , որտեղ սահմանափակումներ չդրվեցին։ Իհարկե, դա էլ իր հերթին բերում է որոշակի խնդիրներ՝ տրանսպորտով հաճախակի դաշտեր տեղափոխվող ու հետ եկող մարդիկ․․․
Այստեղ մենք ունենք ռիսկի գործոններ։ Տնտեսվարողներին առաջարկում ենք ավելի ուշադիր լինել, միաժամանակ ավելի քիչ քանակով մարդկանց տեղափոխել և աշխատանքների բաժանումն այնպես անել, որ հնարավորինս շփումները նվազեցնել։ Մենք փորձում ենք այնպես անել, որ գոնե գյուղատնտեսական ոլորտն այս գործընթացից շատ չտուժի»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ