Լրահոս
Օրվա լրահոսը

Տույժ-տուգանքները հանել, վարձավճարների հարցը մեղմել, ժողովրդին փող տալ, որ առաջարկ-պահանջարկ լինի. գործարարը դիմել է կառավարությանը

Ապրիլ 03,2020 17:25

«Այն աջակցության փաթեթներից, որոնք առաջարկում է կառավարությունը, չեմ կարծում, որ ամբողջովին դուրս մնացող գործարարներ կլինեն, որովհետեւ փաթեթներն ամենաքիչը 3 ձեւով վերաբերում են բիզնեսին: Էլի լինելու են փաթեթներ, ինչպես ես եմ հասկացել անձնական զրույցներից: Փորձելու են այնպես անել, որպեսզի վերջնական տեսքով բոլորն ինչ-որ ձեւ ներգրավվեն այդ փաթեթներում: Որոշները՝ վարկի տեսքով, որոշները՝ աշխատողների հետ կապված սուբսիդավորման տեսքով, որոշների աշխատողների նվազագույն աշխատավարձը կապահովվի, եւ կլինեն նորերը իհարկե»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը:

Նա ասաց, որ այս պահին կոնկրետ թվեր չեն կարող ասել, բայց քիչ չեն գործարարները, որոնք այս արտակարգ դրության օրերին ստիպված են եղել աշխատողներին կրճատել. «Մեղադրելու չի: Պատկերացրեք, շուկայում կամ առեւտրի կենտրոնում խանութ է, որը հագուստ կամ տեխնիկա է վաճառում, որը մտնում է արգելքի տակ, արդեն մոտ տասը օր է՝ չունի եկամուտ ու եթե այսպես շարունակվի, եկամուտ չունենալու դեպքում չի կարողանալու տալ աշխատավարձը: Այն գործատուները, ովքեր չեն ազատում աշխատանքից իրենց աշխատակիցներին, ինչպես տեսնում ենք, ստանում են սուբսիդավորում, ու աշխատակիցները կստանան մինիմալ աշխատավարձի չափ փոխհատուցում»:

Հարցին՝ այսինքն, կարելի՞ է ասել, որ կառավարության մշակած փաթեթները համահունչ են կրած վնասներին՝ Սամսոն Գրիգորյանը պատասխանեց. «Միանշանակ համոզված եմ, որ աշխարհում չի լինելու մի կառավարություն, որը կարողանա ամբողջովին փակել վնասները, դա անհնար բան է, առավել եւս՝ մեր այս փոքր երկրում, որտեղ ֆինանսական հոսքերն այդքան մեծ չեն, պետության եկամուտներն այդքան մեծ չեն: Ամբողջովին չի լինի, բայց որոշակի փոխհատուցում կլինի, այսպես ասեմ՝ լողալու մակարդակի մնալու համար»:

Վարչապետն ասել էր, որ համաշխարհային տնտեսությունը քանի որ փլուզվել է, առաջացել է մեծ շինհրապարակ, ու պետք է բիզնեսի ոլորտը նոր գաղափարներ կարողանա գեներացնել՝ շուկայում մեր տեղն ունենալու համար, ուստի հարցին՝ արդեն որոշակի վերաբաշխումներ պատրաստվո՞ւմ են անել գործարարները՝ Սամսոն Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՓՄՁ ոլորտում կլինեն նման մեծ շարժեր, որովհետեւ, ինչպես գիտեք, ՓՄՁ ոլորտն այսօր մեծ հնարավորություններ չունեցող ոլորտ է, բայց նոր գաղափարները միշտ էլ տեղ կունենան: Նոր մարտահրավերներ են աշխարհում, անպայման կլինեն տնտեսվարողներ, որոնք կլրացնեն դատարկ մասը համաշխարհային տնտեսության մեջ: Բիզնես մտածելակերպի հետ կապված՝ կառավարությունից էլ, կարծում եմ, որոշակի առաջարկներ կգան, որից կօգտվեն տնտեսվարողները, կամ նոր սկսվող տնտեսվարողները»:

Սամսոն Գրիգորյանն ունի իր առաջարկները՝ կառավարության աջակցությունն ավելի թիրախային դարձնելու համար: Նա արդեն առաջարկները ներկայացրել է կառավարությանը, դրանք են. «Հարկերի հետաձգում կամ հանում, իհարկե, կասկածում եմ, որ կլինի նման բան: Բայց տույժ-տուգանքները կարող են հանել, վերջնաժամկետները հետաձգեն, որպեսզի խնդիր ունեցողները կարողանան գոնե հարկային վճարումները հետաձգել: Հայաստանում ամենամեծ ծախսը տնտեսվարողի վարձավճարն է, ուստի պետք է այդտեղ որոշակի քայլեր անեն ու փորձեն մեղմել վարձավճարները, որովհետեւ վարձով տվող տնտեսվարողներն էլ ունեն խնդիր, նրանք էլ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել իրենց վարձերից: Այստեղ կառավարությունը պետք է որոշակի միջնորդ հանդիսանա ու կարգավորումներ գտնի: Մյուս առաջարկն այն է, որ կառավարությունն ավելի շատ գումարներն ուղղի ազգաբնակչությանը: Ամբողջ աշխարհն է այդ ուղիով գնում, ու մեր կառավարության վերջին տնտեսական փաթեթն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ նրանք էլ են այդ ուղիով գնում: Ժողովրդին գումար տալով՝ կխթանեն բիզնեսի՝ նորմալ իրադրության մեջ հայտնվելը, քանի որ կլինի պահանջարկ, կլինի նաեւ առաջարկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930