«5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան ապրիլի 2-ին էր, ապրիլյան ռազմական գործողությունների մասին խոսելիս 2016թ.-ի դրությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանն անդրադառնում է հասարակական-քաղաքական մի շարք շրջանակներում կորցրած տարածքները եւ բարձունքները վերադարձնելու մասին քննարկումներին: «Այնպիսի մարդիկ են խոսում դրա մասին, որոնք դրա իրավունքը չունեն: «Ստրատեգիական» բառի իմաստն անգամ չեն հասկանում, ոչ էլ տրամաբանությունը: Դրանք շահարկումներ են՝ քաղաքական դիվիդենտներ շահելու մոլուցքով»:
Ըստ Արշավիր Ղարամյանի. «Եթե մարդիկ «բարձունք» ասելով հասկանում են ստրատեգիական նշանակություն ունեցող մարտական տերմին, ապա շատ սխալվում են, որովհետեւ այդ թվում Թալիշի ուղղությամբ ավելի բարձր դիրքերում մեր մարտական հենակետերն են: Նույնը նաեւ հարավային ուղղութամբ: Հանրահայտ Լելե (Լյալյա) Թեփե կամ «Վարազաթումբ» կոչվող բարձունքն է, որը մի 100-150 ք.մ. մակերեսով մի «աշտարակ» է, որն ընդամենը դիտարկման խնդիր է լուծում»:
2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն էլ նկատում է. «Եթե այդ բարձունքները գոնե օպերատիվ նշանակություն ունենային մեզ համար ու մեծ վտանգ ներկայացնեին, մենք, իհարկե, չէինք նայի նոր կորուստներին եւ արագ կկազմակերպեինք, հրադադարին չէինք համաձայնի եւ կվերադարձնեինք այդ բարձունքները: Բայց հակառակորդն այդ երկու տեղերում կանգնելով՝ ոչինչ չշահեց, որովհետեւ մենք անմիջապես լուրջ եւ խորը պաշտպանություն կազմակերպեցինք հենց նրա առաջ, եւ հակառակորդն այդ տարածքներում հայտնվեց մեր աքցաններում»:
Արցախի նախագահ Բակո Սահակյան էլ հավելում է. «Ռազմարվեստին տիրապետողները նշյալ ձեւով գնահատականներ եւ ձեւակերպումներ հնչեցնել թույլ չեն տվել իրենց: Իհարկե, մենք չենք ժխտում, որ հարավում կորուստներ ենք ունեցել, բայց ռազմական գործողությունների ժամանակ տարբեր իրադրություններ են լինում, եւ մեր հրամանատարությունը պարտավոր էր ստեղծված իրադրությունից ելնելով գործել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Թալիշի դիրքի վերաբերյալ ներկայացված գնահատականը հիմնավորված չէ, քանի որ գյուղի լինելը ունի շատ մեծ ռազմավարական նշանակություն ամբողջ Արցախի համար: Ստեղծված իրավիճակում Թալիշի առկա վիճակը անհամեմատելի վատ է մինչպատերազմայն վիճակից: