Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից 257 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ, եւ 38 կազմակերպության, ներառյալ մասնաճյուղերը, գործունեությունը 6 ժամով դադարեցվել է, խախտումներ են եղել, չեն պահպանվել կանոնները՝ աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափումը, ծորակից մշտական ջրի առկայությունը, հանդերձարաններով ապահովումը:
Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նա նաեւ նշեց՝ մինչեւ հանրային տրանսպորտի գործունեության արգելքը, ստուգվել է ուղեւորափոխադրում իրականացնող 64 կազմակերպություն, թե ինչպես են ապահովում անվտանգության կանոնները՝ ախտահանումը: Ավագյանն ասաց, որ ընդամենը երկուսում են խախտում հայտնաբերել:
Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածումից հետո ՀՀ սահմանային կետերում էլ հատուկ հսկողություն սահմանվեց, տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ իրենք հունվարի 24-ից ՀՀ սահմանային հսկիչ 7 կետերում ուժեղացված ռեժիմի էին անցել. «Վարակի առումով անապահով երկրներից հասցեական քարտեր էին լրացվում, դրանք ներկայացվում էին ավիաընկերություններին, որոնք էլ ուղեւորներին էին ներկայացնում: Հետո ստուգում էին՝ լրացված է, թե՝ ոչ, զուգահեռ հեռահար ջերմաչափում էինք, արտաքին զննում իրականացնում եւ եթե կային ախտանիշներ, անձին հոսպիտալացնում էին: Մինչ այսօր 172 քաղաքացի է հոսպիտալացվել, հասցեական քարտեր են լրացրել 24,172-ը: Մարտի 19-ից լրացել են ինքնամեկուսացման ծանուցագրերը, եւ 42 երկրներից վերադարձի պարագայում ինքնամեկուսացման ծանուցագրերը դարձան պարտադիր, մարտի 19-ից 11, 895 քաղաքացու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր, նրանց մասին տեղեկատվությունը տրվել է առողջապահության նախարարությանը, ոստիկանությանը, պարետատանը կից գործող խմբին, որոնք հետեւում են ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ