Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը հեգնում է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ աշխատանքները

Ապրիլ 03,2020 16:20

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Առաքելություն» կուսակցության անդամ Դավիթ Խաչատրյանի գրառումը չի զարմացրել ավագանու ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանին: «Որովհետեւ այս ողջ ընթացքում ես տեսել եմ այդ անլուրջ վերաբերմունքը, առհասարակ, եւ նաեւ Երեւանի ավագանու կողմից եմ տեսել: Ուստի, բնական է, որ իմ գործընկերը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից, շարունակում է այդ նույն տրամադրությունն` ի տարբերություն իր այլ գործընկերների, որոնց մոտ վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ կոնկրետ զսպվածություն եւ հավաքվածություն եմ նկատում: Այս մարդու մոտ, փաստորեն, դեռ դա չկա եւ ինքը մտածում է, որ վրացական իշխանությունները լվանում են իրենց փողոցները եւ մասնավորաբար, եթե Թբիլիսիի քաղաքային իշխանությունները շատ ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքի սանմաքրման, լվացման, ստերիլիզացման աշխատանքներում, դա զավեշտալի է: Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ իրենք չեն անում դա: Ես ինչպես հասկացա, չեն էլ պատրաստվում անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Դավիթ Խաչատրյան

Իշխող ուժը ներկայացնող ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել այն մասին, թե ինչպիսի սանիտարահիգիենիկ  աշխատանքներ են կատարվում հարեւան երկրի մայրաքաղաք Թբիլիսիում`կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված եւ հեգնել: «Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»,- գրել է Դավիթ Խաչատրյանը:

Գրառման քննարկումներում, շատ օգտատերեր, ի դեպ, հորդորել են օրինակ վերցնել հարեւան երկրից:

Ավելի ուշ նա լրացում է արել. «Քանի որ ստորև գրառումը որոշ մարդկանց կողմից այլ մեկնաբանություններ անելու առիթ հանդիսացավ, ուզում եմ նշել հետևյալը. այս դժվար ու լարված օրերին սա լիցքաթափվելու համար արված հումորային գրառում էր` միայն և բացառված է որևէ հեգնանք մեր գործընկեր վրացիներին ուղղված, ամեն երկիր պայքարելու ինչ-որ ձև է փնտրում, և սա էլ դրանցից մեկն է, հուսամ այն թեկուզ մի փոքր օգուտ կտա»:

https://www.youtube.com/watch?v=Jwq1dkJuZYw

Հռիփսիմե Առաքելյանն էլ կարծում է, որ արժեր գոնե Երեւանի փողոցներն էլ լվանալ, ինչի արդյունքում նաեւ քաղաքը որոշակիորեն փոշուց կմաքրվեր: «Ես սա կապում եմ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի չեղարկման հետ, քանի որ ջրով սանմաքրում իրականացնող մեքենաները պատկանում էին «Սանիթեք» ընկերությանը: Այն տիրապետում էր նման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսին, իսկ քաղաքապետարանը չունի նման տեխնիկական ռեսուրսներ: Սա շատ կոնկրետ պատճառ է, ինչի մասին իրենք չեն ցանկանում խոսել, նախընտրում են «բացատրել», որ ջրով մաքրման աշխատանքները ռացիոնալ չեն, անպիտան, անօգուտ են: Այսպես են անում, երբ կարելի է ընդամենն ասել, որ հարգելիներս, մենք նման ռեսուրս չունենք: Կամ կարող են դիմել մարզերին`օգնության համար, քանի որ որքան հասկացա, մարզային շատ շրջկենտրոններում, օրինակ` Էջմիածնում, ամեն օր փողոցները ջրով լվացվում, մաքրվում են»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ինքը չգիտի, թե քաղաքային իշխանության իշխող խմբակցությունում ի՞նչ են մտածում այս ամենի մասին:«Քավ լիցի, այս ամենի պատասխանատվությունն իրենք են կրելու: Ես կարծում եմ, որ լրջանալու պահը վաղուց եկել է, սակայն ես դա չեմ տեսնում»:

Հռիփսիմե Առաքելյան

Նաեւ միայն քաղաքապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառումներն այս իրավիճակում, մեր զրուցակիցը բավարար չի համարում. «Մենք տեսնում ենք, թե կառավարությունը, նախարարությունները, պատկան նախարարության նախարարներն ինչպիսի ակտիվությամբ եւ ամենօրյա ռեժիմով կատարված աշխատանքը ներկայացնում են, ինչը շատ կարեւոր ցուցիչ է, որ մեր քաղաքացիները խուճապի չմատնվեն, ամենօրյա տեղեկատվություն ստանան: Բայց Երեւանցին իր քաղաքապետից տեղեկություն չունի»:

Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հարգելիներս, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված այս կամ այն գործողությունը քաղաքապետարանից ակնկալելիս խնդրում եմ հաշվի առնել, որ քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով»։

Այս առիթով էլ ավագանու ընդդիմադիր անդամն ասում է. «Այո, ողջ հանրապետությունն է հետեւում պարետի ցուցումներն եւ ողջ պետական ապարատն է իր աշխատանքը կազմակերպում պարետի ցուցումներով`այս արտակարգ դրության մեջ, բայց իրենց կատարած աշխատանքները հստակ ներկայացնում են եւ մարդկանց տեղեկացնում են, թե ինչ են անում, ինչու համար են անում եւ ինչպե՞ս են անում: Երեւանի քաղաքապետարանի ներքո է գործում Երեւանի շտապ օգնության կայանը, որը ամենակարեւոր օղակներից է եւ այսօր աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, Երեւանի բոլոր պոլիկլինիկաները եւ մի քանի խոշոր հիվանդանոցներ. առողջապահական մասով մեր քաղաքապետը որեւէ բան չունի՞ ասելու: Սա ինձ համար, որպես երեւանցի, հրաշալի փորձաշրջան է, որպեսզի հասկանամ եւ պատկերացնեմ, թե ինչպիսի՞ քաղաքապետի հետ գործ ունեմ»:

Ինչ վերաբերվում է Վրաստանի օրինակը ծիծաղելի եւ հեգնանքի արժանի համարողներին, տեղեկացնենք, որ ամերիկյան «Foreign Policy»-ի հետազոտություններով՝ կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող է գնահատվել: Գլոբալ մարտահրավերին դիմակայելու հարցում Վրաստանը որոշակիորեն դրական արդյունքներ գրանցած երկրների ցանկում է`Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Իսլանդիայի հետ: Ըստ հետազոտության, այս երկրների օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հնարավոր է դադարեցնել: «Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը փոքր երկիր է մի տնտեսությամբ, որը ծանր վիճակում է, այն սկսել է լուրջ միջոցներ ձեռնարկել դեռ փետրվարի վերջից, ներառյալ` դպրոցների փակումը և ախտորոշման թեստերի անցկացումը»,- ասվում է հոդվածում` հավելելով, որ այս երկրում դեռ ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից:

Վրացական կառավարական stopcov.ge կայքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում COVID-19 ախտորոշվել է 148 մարդու մոտ, ապաքինվել է 26 հիվանդ: Կարանտինում կա 5550 մարդ, հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է 281 մարդ: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված, Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել և կարանտին մտցվել ամբողջ երկրում: Մարտի 31-ից ժամը 21:00-ից 06:00-ը գործում է պարետային ժամ: Հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի, աշխատանքն ամբողջովին դադարեցված է: Բոլոր քաղաքների մուտքերի և ելքերի մոտ տեղակայված են ճանապարհային անցակետեր՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին հաստատված դեպքի մասին հայտարարվեց 2020 թվականի մարտի 1-ին: Վերջին տվյալներով, Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 736 մարդ, փաստացի բուժվողները 686-ն են, մահացածները`7-ը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930