Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ՝ 80-ականների զենքի, գլխատված հրամանատարի եւ փամփուշտ չլինելու մասին

Ապրիլ 03,2020 16:40

«Եթե չեմ սխալվում, ապրիլի 6-ն էր, երբ Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց ուղղվեց, եւ ես ասացի, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զենքով: Գաղտնիք չէ, որ իմ շատ ասածներ մարդիկ փորձում էին շահարկել: Դա էլ դարձավ շահարկման առակա»,-«5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան ապրիլի 2-ին էր, անդրադառնալով ապրիլյան ռազմական գործողություններին հաջորդած մեկնաբանություններին՝ ասում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշում է. «Այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել, նրանց հետաքրքիր էր միայն շահարկելը: Իմ նպատակը շատ պարզ էր, ես դիմում էի միջազգային հանրությանը եւ ասում՝ չնայած նրան, որ դուք աչք եք փակել Ադրբեջանի՝ մինչեւ ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այդուհանդերձ, մեր զինվորների տոկունությունն ու մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին եւ մերոնք կատարեցին իրենց պարտականությունները: Իրականում նման մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք: Թող հարցնեն ցանկացած երկրի սպառազինության գիտակներին. նրանց զինանոցներում կա՞ն 80-ականների զենքեր, թե՞ ոչ»:

2016թ.-ի դրությամբ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյան էլ հավելում է՝ ապրիլի առաջին օրերից հետո եղան նաեւ մանիպուլյացիաներ այն մասին, որ դիրքերում փամփուշտներ, վառելիք եւ սննդամթերք չի եղել. «Նման բան չի եղել: Էքստրեմալ վիճակը ենթադրում է նաեւ մատակարարումների խափանումներ, բայց չի կարելի ասել, թե չկա: Ասում են, թե տանկերում վառելիք չի եղել: Չկա նման բան, եթե եղել է, փաստ ներկայացրեք»:

2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն էլ հետեւյալ միջադեպն է պատմում. «6-րդ պաշտպանական շրջանի հրթիռահրետանային զորքերի հրամանատարին զեկուցում են, որ այսինչ դիրքում փամփուշտները վերջանում են, եւ նա զինվորի հետ մեքենայով անձամբ տանում է փամփուշտները: Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, որոնք դեռեւս աշխատում էին խորքում, կտրում են նրա գլուխը… երբ օրեր շարունակ մարտական գործողություններ են ընթանում, ռազմամթերքը վերջանում է, պետք է մատակարարել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930