«Հակառակորդը նպատակ ուներ հյուսիսում եւ հարավում ունենալ մեծ հաջողություններ, օրինակ՝ հասնել ու գրավել Մատաղիսը կամ Մարտակերտը, Ֆիզուլին: Նրանց կարծիքով՝ մենք, կոնկրետ՝ ես, պետք է հեռախոս վերցնեի եւ համանախագահներին խնդրեի փրկել մեզ ադրբեջանցիներից: Բնական է, որ այդ պարագաներում մենք արդեն բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեինք»,-«5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան ապրիլի 2-ին էր, ապրիլյան ռազմական գործողությունների մասին այսպես է պատմում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշում է. «Ինչպես տեսանք, մեր զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը: Ցավոք, շատ ԶԼՄ-ներ եւ անհատներ, որոնք սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին ներկայացնել այդ ռազմական գործողությունները որպես պարտություն, ինչը շատ ցավալի է, որովհետեւ իրականության մեջ այդպիսի բան չկար: Ինչ վերաբերում է 800 հեկտարին, ապա այդ մասին առաջինը ես եմ հնչեցրել, եւ դա եղել է Վիեննայից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում: Անկեղծ պետք է խոստովանեմ, որ չեմ ափսոսում դրա համար: Այո, ավելի մեծ թիվ եմ ասել, քան իրականությունն է: Ինչո՞ւ. եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից եւ խոսում այն մասին, որ ադրբեջանցիները գրավել են Թալիշը: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում՝ 5000 հեկտար, 50 քառակուսի կմ եւ այլն: Ոմանք նույնիսկ ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ անում: Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել եւ տեսել, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ