Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից. «Կասկածում եմ, որ ինստիտուտում կլինեն հզորություններ՝ մեծ քանակով ինչ-որ բան արտադրելու համար»

Ապրիլ 03,2020 15:47

Aravot.am-ը նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանին (լուսանկարում), որը մշտապես հանդես է գալիս գիտական հոդվածներով, խնդրեց մեկնաբանել Ֆիզիկայի ինստիտուտի (այժմ` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի)  հաղորդագրությունն այն մասին, որ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, գործի դնելով իր գիտական ներուժը, միանում է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուն ուղղված ջանքերին: Ըստ հաղորդագրության, լաբորատորիան աշխատում է 2 տարբեր սարքերի՝ շնչառական ռեսպիրատորների և օզոնատորների վրա:

Սասուն Գեւորգյանն ասաց, որ ինքը սովորություն չունի գիտական հաստատության մասին դատել հաղորդագրություններով, քանի որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտական ներուժն ավելի մեծ է, քան այն, ինչ նշված է հաղորդագրության մեջ. «Ֆիզիկայի ինստիտուտի գիտական ներուժը շատ ավելի մեծ է, եւ ճիշտ օգտագործելու դեպքում ռեալ օգուտներ կարող է տալ: Ափսոսում եմ, որ հաղորդագրություններով գիտական հիմնարկների պոտենցիալը սկսել են գնահատել նաեւ պաշտոնյաները, ինչը ճիշտ մոտեցում չէ»:

Նրա խոսքով. «Իսկապես կարեւոր է թթվածնի արտադրությունը, որովհետեւ միջին եւ ծանր բարդության հիվանդություն ունեցողները կարիք ունենք թթվածնի: Միջին ծանրության հիվանդները պարզապես դիմակներով են թթվածին շնչում՝ թոքերը մաքրելու համար, իսկ ծանր հիվանդները՝ արհեստական վինտիլացիայի: Տասնյակ տարիներ Ֆիզիկայի ինստիտուտում կրիոգենային արտադրամաս կար, որը վերջին տարիներին ղեկավարում էր Նիկոլայ Դոբրովոլսկին: Այնտեղ արտադրում էին թթվածին, հեղուկ ազոտ եւ ուրիշ նյութեր, կարողանում էին գումար աշխատել, վճարել վարձակալության վարձը, իսկապես օգուտ էին տալիս: Այո, ինչպես նշեցի, թթվածնի արտադրությունը կարեւոր բան է, եւ փառք աստծո, եթե շարունակվում է: Այդ տեսանկյունից դա, իհարկե, օգնություն է, բայց ոչ թե գիտական տեսանկյունից, այլ արտադրական, որտեղ գիտնականներ էլ են աշխատում»:

Սասուն Գեւորգյանը տարօրինակ է որակում այն հաղորդագրության մեջ նշված այն հայտարարությունը, թե աշխատում են չորս ուղղությամբ, որոնցից մեկն էլ շնչառական ռեսպիրատորների արտադրությունն է. «Նշված է, որ շնչառական ռեսպիրատորների շնորհիվ ապահովում է արհեստական շնչառություն, մինչդեռ արհեստական շնչառություն ապահովելու համար անհրաժեշտ են սարքավորումներ, իսկ ռեսպիրատորը ոչ թե սարքավորում է, այլ դիմակ: Երեւի պետք է ավելի մանրամասնել՝ հասկանալի դարձնելու համար»:

Հաջորդը, որին անդրադարձավ, Սասուն Գեւորգյանը, հետեւյալն է. «Ժամանակին Ֆիզիկայի ինստիտուտում ունեինք հզոր արտադրություն, որն ապահովում էր արագացուցիչի տեխնիկական կողմը, կային բավականին լավ հաստոցներ ու ֆանտաստիկ վարպետներ, որոնք պատկերավոր ասած՝ «հաստոցով մարդ կտաշեին»: Այսօր այդ ամենը չկա, հետեւաբար խիստ կասկածում եմ, որ կլինեն հզորություններ՝ ինչ-որ բան արտադրելու համար: Իսկ եթե, խոսքն ընդամենը դիմակ արտադրելու մասին է, էլի վատ չէ, թող զբաղվեն, վերջիվերջո ոչ մեկի վնաս չեն տալիս:

Հաղորդագրության մեջ խոսվում է ուլտրամանուշակագույն լամպերի ու վառարանների մասին: Իրականում դա սովորական վառարան է, եւ տարօրինակ է արտահայտությունը՝ վառարանում բժշկական հագուստի ախտահանման եւ հականեխման մասին: Եթե ավտոկլավ լիներ, էլի կհասկանայի: Այսօր բժշկությունը գնում է մեկանգամյա օգտագործման հագուստների ու սարքերի ուղղությամբ, ախտահանման, հականեխման խնդիրները երկրորդ պլան են մղված»:

Նա անդրադարձավ նաեւ օզոնատոր կոչված սարքին, որի մասին նշված էր ինստիտուտի հաղորդագրության մեջ, նաեւ յութուբյան կադրեր էին հրապարակված. «Ինչ խոսք, դրական եմ համարում երիտասարդներին ոգեւորությունը, իսկ մնացած նախադասությունները գիտության հետ կապ չունեն: Ենթադրվում է ինսունականների սարք են գտել, ինչի մեջ արտառոց բան չկա, մանավանդ օզոնատոր վաճառվում է խանութներում, եւ եթե պետք լիներ, վաղուց կգնեին: Եվ հետո օզոնը բավականին ագրեսիվ բան է, ու դրա օգուտների ու վնասների մասին կարելի է կարդալ: Այն կարող է ինչ-որ բաներ վնասել, անգամ սարքավորումները, այդ պահին եղած բակտերիաներն ու վիրուսներն էլ: Բայց կասկածում եմ, որ դրա միջոցով կարելի է բժշկությանն օգնել: Այնպես որ հավակնոտ հայտարարություն էր: Եթե ոգեւորությունը վերաբերում է խիստ գիտական արդյունք ստանալուն, ապա պիտի ճիշտ ուղղության վրա դրվի: Ամեն դեպքում, լավ կլիներ, որ ոգեւորությունից բացի, այլ բան էլ լիներ: Ի դեպ, հաղորդագրության մեջ նշված «հոսանքին միացված օզոնատոր» արտահայտությունը, որի կենցաղային «սլենգն» արդեն իսկ խոսում է տեքստը գրողի՝ գիտության հետ կապի բացակայության մասին:

Նշեմ, որ վիրուսն ինքնին չի կարող բազմանալ, քանի որ կենդանի օրգանիզմ չէ, այլ պոլիմերների, սպիտակուցների խումբ: Բայց մտնելով բջջի մեջ, «խաբում» է բջջին, եւ սկսվում է բազմանալ: Հիմա մի խումբ մարդիկ կան, որոնք փորձում են վիրուսը սպանել մինչեւ բջջին մոտենալը, մեկ այլ խումբ փորձում է վիրուսը սպանել, երբ այն արդեն մտել է բջջի մեջ, դրանք էլ բժշկական մեթոդներն են: Ինքս, որպես ֆիզիկոս, փորձում եմ հետեւյալ ուղղությամբ աշխատանքներ տանել՝ վիրուսի եւ բջջի մակերեսի վրա կան սպիտակուցներ, որոնք միմյանց «ճանաչում» են, եւ եթե դրանք «չճանաչեն» միմյանց, չփոխազդեն, վիրուսը չի կարող մտնել բջջի մեջ: Ես փորձում եմ գիտական գաղափար տալ, թե ինչպես անել, որ այդ երկու սպիտակուցները չփոխազդեն:

Մերոնք եւս ուզում են վիրուսին սպանել մինչեւ բջիջ մտնելը, որը եւս ռեալ ուղղություն է, ի տարբերություն նրանց, որ ասում են, թե օրինակ, հայի գենին վիրուս չի կպնում: Կարճ ասած՝ ընդհանուր աբսուրդի մեջ գոնե երիտասարդների նպատակը հստակ է:

Իրականում, եթե միայն թթվածնի քանակությամբ էլ Ֆիզիկայի ինստիտուտը ապահովի բժշկական հիմնարկներին, որն առանց այն էլ անում էր, լավ կլինի: Մնացածը գիտական տպավորություն չի թողնում: Նորից եմ կրկնում՝ ֆիզիկայի ինստիտուտն իր պոտենցիալով առաջին է եղել եւ կա Հայաստանի տարածքում, եւ այս պարզագույն մամուլի հաղորդագրությունը չի, որ այդ գիտական հիմնարկը պետք է բնորոշի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930