«5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան ապրիլի 2-ին էր, նախկին եւ գործող բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադառնում են հարցադրմանն այն մասին, թե ապրիլյան դեպքերի ժամանակ բանակի ղեկավարությունն արդյոք նախապես տեղյակ եղե՞լ է հակառակորդի լայնածավալ նախահարձակ գործողություններից:
2016թ. դրությամբ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը նշում է. «Ապրիլի մեկին ունեցել ենք տեղեկատվություն, որ որոշակի շարժ ու կուտակումներ կան, բայց դրանից վերլուծել եւ տեղեկություն ստանալ, որ կարող են հարձակողական գործողություններ կլինեն, չի կարելի ասել»:
2016թ. դրությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ասում է. «Այդ օրվա համար հետախուզական գործողությունների տվյալներ ՊԲ ղեկավարությունը ստացել է համարյա կեսգիշերին: ՊԲ հետախուզության կողմից ենք տեղեկություն ստացել մեր հետախուզական վարչությունում, որ գիշերը 12:00-ից հետո մարտական հերթապահությունից անցել են պաշտպանողական խնդիրներին»:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ շեշտում է. «Մեզ համար զարմանք չէր, որ այդպիսի իրավիճակի ենք առնչվել: Ուրիշ հարց է, որ մենք չենք ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ պահին: Հանկարծակի հարձակումները, հատկապես սկզբնական շրջանում, որոշակի առավելություն են ապահովում հարձակվողի համար: Բայց մենք շատ արագ իրականացրինք քայլեր, որոնք նպաստեցին ուժգին հակահարվածներ հասցնելուն, ինչից հետո մեր հրամանատարների անհրաժեշտ գործողությունները կասեցրին հակառակորդի հանկարծակի գործողությունները»:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ 2016թ. դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը փաստում է. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանին հաջողվեց հանկարծակիությունն ապահովել, քանի որ սովորական հետախուզական տվյալներ ունեինք այն մասին, որ պետք է դիվերսիոն-հետախուզական խմբեր գործեն: Սովորաբար, միաժամանակ 2-3, իսկ երբեմն՝ 4 խումբ էր միաժամանակ աշխատում, բայց այս դեպքում գրեթե ամենուր էին»:
Խաչատուրովի համոզմամբ՝ հակառակորդը խնդիր էր դրել հայկական կողմի պաշտպանական շրջանները հասցնել այնպիսի վիճակի, որ հայկական զինված ուժերը փախուստի դիմեին, իսկ ինքը լուրջ տարածքներ գրավեր, այդ թվում՝ Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը, իսկ հարավում՝ Ֆիզուլին, Ջաբրայիլը. «Նրանք հենց այդ տարածքներն էին ուզում վերցնել, հետո գուցե՝ կանգ առնել: Պատկերացրեք՝ եթե հանկարծ մեր զորքերը վարանեին ու փախուստի դիմեին…հակառակորդը որոշ դիրքեր վերցրեց, իսկ որոշներն էլ հակագրոհների արդյունքում մեզ հաջողվեց վերադարձնել եւ վերականգնել առաջնագիծը, բայց հյուսիսում եւ հարավում մի քանի դիրքեր մնացին հակառակորդի հսկողության տակ»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընդգծում է. «Ապրիլյանից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր որեւէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել, թե մենք իբր թե գիտեինք պատերազմի մոտալուտ վտանգի մասին: Նույնիսկ օր էին նշում, բայց դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ էին: Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե 216 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ինչ է նշանակում ընդհանրական զեկույցն այն մասին, թե երբեւէ հնարավոր է ռազմական գործողություն: Սա ՊԲ շփման հատվածում, իսկ եթե ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության մասին խոսենք, ապա խոսքը հարյուրավոր կմ-ների մասին է: Ասել եմ եւ ասում եմ, որ մենք հստակ տեղեկություն չունեինք ռազմական գործողությունների սկզբի, առավել եւս՝ մոտավոր ժամկետների մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ