«Մարտ ամսին 1200 տնտեսվարող սահմանափակել է իր գործունեությունը, զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են»,-այսօր կառավարության մամուլի սրահում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ քանի տնտեսվարող է այս իրավիճակով պայմանավորված`դադարեցրել գործունեությունը:
Թե այս մեկ ամսվա դրությամբ տնտեսությունն ի՞նչ վնասներ է կրել, նախարարն ասաց, որ դեռեւս շուտ է գնահատականներ տալ, բայց նշեց՝ բնական է, որ կորուստները լինելու են էական. «Որովհետեւ կախված է այն հանգամանքից, թե որքանով արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի հետ կապված երեւույթներ: Կամ որքանով արագ կարող ենք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայումս սահմանափակված են: Մենք կարծում ենք, որ այդ պահից սկսած, երբ կգանք նորմալ տնտեսական գործունեության, կգործարկենք նոր աջակցության փաթեթներ»:
Տիգրան Խաչատրյանի խոսքով, պետք է մտածենք այն մասին, որ որքան հնարավոր է` առողջական քիչ վնասներ կրի մեր հասարակությունը:
Aravot.am-ի հարցին՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնց գործունեությունն արգելված է, այդ ընթացքում իրենց տարածքի վարձակալության գումարները պիտի՞ վճարեն, թե՞ ազատվում են: Սա լուրջ սոցիալական խնդիր է այն մարդկանց համար, որ եկամտի այլ աղբյուր չունեն ու ապրում են վարձակալության գումարներից ստացած եկամտով: Մեր այն դիտարկմանը օրինակ՝ տոտոների, բուքմեյքերական ընկերությունների եւ նմանատիպ այլ բիզնեսների գործունեությունը արգելված է, նրանք ինչպե՞ս պիտի վճարեն իրենց վարձակալության գումարները: Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց. «Իրավիճակն, իրոք, սովորականներից չէ, սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Մենք հասկանում ենք, նաեւ հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե՛ վարձակալը, թե՛ վարձատուն լավ են պատկերացնում իրավիճակը, որ իրենց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն ե՛ւ կրած կորուստները ե՛ւ հնարավորությունները: Այստեղ կառավարությունը շատ չի կարող միջամտել: Եվ դա պարտադիր չէ միայն թվարկված գործունեության տեսակներով զբաղված քաղաքացիներին է հատուկ, մենք կարծում ենք, որ այդ ոլորտները շատ ավելի մեծ են, շատ ավելին են թվով: Մի դեպքում փոքր խանութի տարածք է վարձով տրված, մի դեպքում վարսահարդարման փոքր տարածք է վարձով տրված եւ այստեղ, այո, կան երկկողմանիորեն ֆինանսական դժվարություններ: Մենք կարծում ենք, որ մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ ե՛ւ վարձատուն ե՛ւ վարձակալը համաձայնության կգան՝ իրենց համար նվազագույն կորուստներով, գտնել միջինը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ