Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Չարժի, որ ոստիկանությունը նաեւ լրատվամիջոցներով զբաղվի»

Ապրիլ 03,2020 14:40

«Լրագրողական աշխատանքը համավարակի տարածման պայմաններում ունի բավականին շատ առանձնահատկություններ, մանավանդ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը ենթադրում է լրագրողների, ԶԼՄ-ների, սոցցանցերի օգտատերերի համար գործունեության հատուկ ռեժիմ՝ որոշակի սահմանափակումներով:

Մենք պետք է հասկանանք, որ խոսքի եւ մամուլի ազատությունը շատ կարեւոր արժեք է, բայց նաեւ բացարձակ իրավունք չէ: Բացարձակ իրավունքները մի քանիսն են՝ կյանքի, խոշտանգումներից պաշտպանված լինելու, դատական պաշտպանության իրավունքները: Իրավունքների երրորդ խումբը անհատական կամ անձնական ազատության սկզբունքն է, որը ենթադրում է կրոնական հավատքի կամ այլ համոզմունքների ազատություն»,-ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար առցանց դասախոսություն կարդալիս՝ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Խոսքի ազատությունը կարող է տարբեր իրավիճակներում, այդ թվում արտակարգ, ռազմական դրության ժամանակ եւ առհասարակ սովորական կյանքում սահմանափակվել: Իսկ այն սահմանափակումը, որ նախատեսվել էր կառավարության որոշմամբ մարտի 16-ին, որոշակի անհանգստություն առաջացրեց լրագրողական եւ քաղաքացիական ոլորտում, եղան բողոքներ, քննադատություն կառավարության հասցեին:

Հիմնական քննադատությունը կապված էր նրա հետ, որ սահմանափակումներ մտցնելով՝ կառավարությունը չէր հետեւել հիմնական սկզբունքներին, որոնք պետք է լինեն սահմանափակումների հիմքում: Մասնավորապես հիմնավորվածությունն էր կասկածի տակ դրվում: Հայաստանում, ի վերջո, այդ պահին չկար այն իրավիճակը, որը կարող էր պատճառ կամ անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի խոսքի եւ մամուլի ազատությունն այդքան խիստ սահմանափակվեին, չկար խուճապ եւ այն տեղեկատվական հոսքերը, որոնք կխեղաթյուրեին իրականությունը: Եվ անհրաժեշտ էր մինչեւ այդ սահմանափակումներ մտցնելը՝ սկզբում գնահատել իրավիճակը եւ հասկանալ՝ արդյոք սահմանափակումներ պետք են եւ ինչպիսի սահմանափակումներ են թույլատրելի այս իրավիճակում»:

Բորիս Նավասարդյանը փաստեց, որ այդ ժամանակ արգելվում էին հրապարակումները, որոնք չէին արտացոլում պաշտոնական տվյալները եւ դիրքորոշումը՝ կապված համավարակի հետ: Նաեւ հավելեց, որ մոտավորապես մեկ շաբաթ այդ ռեժիմով են աշխատել ԶԼՄ-ները, իսկ որոնք չեն ենթարկվել այդ ռեժիմին, պատասխանատվության են կանչվել. «Խոսքը գնում էր լրատվամիջոցից այս կամ այն նյութը հանելուն, մեկնաբանությունը սոցցանցերից ջնջելուն, եւ ոչ միշտ էին այդ պահանջները բավարար հիմնավորված: Հիմնականում պատճառ էր բերվում խուճապ տարածելը, մինչդեռ պարզ չէր, թե խուճապն ինչ է եւ ինչպես կարելի է այն չափել: Դա, բնականաբար, դժգոհություններ առաջացրեց: Արդյունքում մի քանի լրագրողական կազմակերպությունների հետ խորհրդակցելով՝ կառավարությունը փոխեց սահմանափակումները, եւ այսօր դրանք համաչափ են»:

ԵՄԱ նախագահը խոսեց նաեւ սկզբունքների արդյունավետության մասին. «Եթե դու որպես կառավարություն կամ պարետատուն որոշակի սահմանափակումներ ես դնում, պետք է համոզված լինես, որ կարող ես հետեւել դրանց 100 %-անոց կամ գոնե դրան մոտ կիրառմանը: Այն տեղեկատվական հոսքերը, որոնք բազմաթիվ աղբյուրներ ունեն, չեն կարող վերահսկվել, կամ դու ընդամենն ընտրողաբար ես մոտենում՝ ինչը հանել, ինչը՝ ոչ: Կարող ես տասը խախտում պարունակող հրապարակումներից հետեւել միայն մեկին, բնականաբար ինը կարող են ազատորեն շրջանառվել, ինչը կարող է ազդել ընդհանուր սահմանափակումների արդյունավետության վրա: Հենց դա էր տեղի ունենում Հայաստանում»:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ բազմաթիվ տեղեկություններ, որոնք պարունակում էին խախտումներ, չէին արտացոլում պաշտոնական տվյալները, շարունակում էին շրջանառվել, առանձին դեպքերում ավելի անմեղ հրապարակումները եւ սոցցանցերի գրառումները ոստիկանության պահանջով հանվում էին:

ԵՄԱ նախագահի ձեւակերպմամբ, մեզ մոտ եղած սահմանափակումները ենթադրում են, որ եթե դու ոչ պաշտոնական աղբյուր ես ընտրում քո տեղեկությունների տարածման համար,պետք է այդ աղբյուրը նշես, որպեսզի ընթերցողը, կամ հեռուստառադիոլսողը ինքը որոշի՝ արդյոք արժի այդ աղբյուրին վստահել, թե ոչ: Դրա կողքին պետք է դրվի նաեւ պաշտոնական տեսակետը, ինչը հնարավորություն է տալիս հաշվեկշռված ներկայացնել տեղեկատվությունը:

Նա մտահոգիչ է համարում այն, որ պարզ չէ այն լիազոր մարմինը, որն ի վերջո որոշում է՝ կատարվե՞լ է խախտում կառավարության որոշման, թե չի կատարվել. «Ընդհանուր մեզ ասում են՝ դա պարետատունն է, բայց այն տարբեր կառույցների միջոցով է իրականացնում տարբեր գործառույթներ: Եվ եթե այդ գործառույթն իրականացնողը մնում է ոստիկանությունը, դա խնդիրներ է առաջացնում: Համոզված չենք, որ բավարար մասնագիտական գիտելիքներ ունեն ոստիկանության աշխատողները: Բացի դրանից, շատ լավ հասկանում ենք, որ ոստիկանությունը բազմաթիվ այլ կարեւոր գործառույթներ ունի, եւ չարժի, որ զբաղվի նաեւ լրատվամիջոցներով: Մեր կարծիքով, ԶԼՄ-ներով պետք է զբաղվեր հատուկ ձեւավորված կամ արդեն եղած մի կառույց, այսենք հեռուստաընկերությունների համար դա պետք է շարունակեր լինել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կամ կարելի էր ստեղծել այլ միավոր, որը որոշում կկայացներ՝ արդյոք այս կամ այն նյութում կամ սոցցանցում եղածը խախտում է: Այդ խնդիրը դեռ մնում է եւ շարունակում ենք ԶԼՄ-ներից ստանալ բողոքներ»:

https://www.facebook.com/494553214359423/videos/654795395085146/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930