Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ հրետանին առաջնագծի մոտ էր». ի՞նչ են պատմում նախկին պաշտոնյաները՝ ապրիլյան դեպքերի մասին

Ապրիլ 03,2020 14:10

«Ապրիլի 1-ից երկուսի գիշերը եղել ենք Արցախի նախագահի աշխատասենյակում: Իհարկե, համապատասխան ցուցումներ են տրվել զորահրամանատարներին, որպեսզի բարձրացնեն զգոնությունը, մեկ անգամ եւս ճշտեն մարտական հաշվարկները, իրենց խնդիրները, անելիքները»,-«5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան ապրիլի 2-ին էր, ապրիլյան ռազմական գործողությունների մեկնարկի մասին այսպես է պատմում 2016թ.-ին Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Ֆիլմում Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ հավելում է, որ այդ ժամանակ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԶՈՒ ղեկավարության հետ:

2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն էլ հետեւյալն է ասում. «Հակառակորդն ամենամեծ կորուստները կրեց, երբ փորձեց ծավալվել եւ հարձակվել հիմնական ուղղությամբ: Քանի որ շատ մարդկանց էին ներգրավել այդ խնդրի կատարմանը, շատ կորուստներ տվեցին: Մենք զորքերը մարտական ամենաբարձր աստիճանի պատրաստության բերեցինք ամենասեղմ ժամկետներում՝ անգամ ավելի արագ, քան մեր գործողությունների պլանում էր նշված: Ողջ հրթիռային զորքերը ծավալվեցին դիրքային տարածքներում, բոլորը պատրաստ էին արձակել հրթիռները՝ նախապես ընտրված թիրախներով: Ամբողջ հրետանին կենտրոնացած էր առաջնագծի մոտ: Ի դեպ, ասեմ՝ իմ կարծիքով, ՊԲ հրետանավորները, իհարկե՝ առաջին հերթին առաջնագծի զինվորներն ու սպաները, բոլորը հերոսներ են»:

2016թ.-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ շեշտում է. «Գտնում եմ, որ բանակի ղեկավարությունն արդեն իսկ առաջին օրվա վերջում իրադրությանն ամբողջությամբ տիրապետում էր: Հակագրոհների, որոշ դիրքերում շրջանաձեւ պաշտպանության անցնելով՝ մեր հետախուզական տվյալներով, ԱԹՍ-ների ինֆորմացիայով, հրետանու փայլուն գործողություններով կարողացել էին հակառակորդին հիմնականում ջախջախել: Հրամկազմի եւ զինվորների անձնուրաց գործողություններով, մարտավարական հնարքներով վերականգնվել էր իրադրությունը»:

Լեւոն Մնացականյանն էլ հավելում է, որ բանակի տեխնիկական հագեցվածությունը կարեւոր ուղղություն է եղել՝ ապրիլյան գործողություններից առաջ եւ հետո. «Տարբեր տեսախցիկներ են տեղադրվել, ահռելի աշխատանք ենք արել Արշավիր Ղարամյանի հետ, ահագին օգնել է, հիմնական ուղղությունները փակել ենք: Դա էականորեն փոխել է իրավիճակն առաջնագծում: Ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդը լայնորեն կիրառում էր հետախուզական միջոցներ, ԱԹՍ-ներ, օդապարիկներ: Նույնը անում ենք մեր հնարավորության սահմաններում: Իրականացնում էինք օդային հետախուզություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930