Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել` ՀՀ-ում հեռախոսազանգերի վերաբերյալ օրենքի մասին

Ապրիլ 03,2020 13:25

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ՀՀ ազգային Ժողովի ընդունած օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով արձանագրել նրանց հեռախոսազանգերը:

«Հայաստանի կառավարությունը բախվում է հանրային առողջության արտակարգ իրավիճակին, և տեխնոլոգիան պետք է կարևոր դեր խաղա հանրային առողջության վերաբերյալ հաղորդագրությունները տարածելու և առողջության պահպանման մատչելիության խթանման գործում: Միևնույն ժամանակ իշխանությունները պետք է այնպիսի ձևեր կիրառեն, որպեսզի զանգվածային վերահսկողության կիրառմամբ չխաթարվի մարդու իրավունքները»,-ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցիացիայի տնօրեն Գեորգի Գոգիան:

Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ ըստ օրենքի հեռահաղորդակցության ընկերությունները իշխանություններին տրամադրելու են իրենց հաճախորդների զանգերի մասին տվյալներ, իսկ իշխանություններն էլ այդ տվյալներն օգտագործելու են նույնականացնելու, մեկուսացնելու կամ ինքնամեկուսացման մեջ պահելու և վերահսկելու համար նրանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել COVID-19-ով վարակված մարդկանց հետ։ Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ իրենք անձնական հաղորդակցության բովանդակության հասանելիություն չեն ունենալու, օրենքը թույլ է տալիս հավաքել միայն հեռախոսային ձայնագրությունները: Բայց նման տեղեկատվությունը կարող է պարունակել տվյալներ անհատի ինքնության, վայրի, պահվածքի, գործունեության վերաբերյալ, նշվում է HRW-ի հայտարարության մեջ:

Իրավապաշտպանները շեշտում են, որ կառավարությունը պետք է հեռախոսային գրառումների հավաքագրման խիստ սահմանափակումներ մտցնի, բացի այդ մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե երբ են հավաքել իրենց տվյալները: Պետք է սահմանել նաև խիստ կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն արտահոսքի ռիսկը և կպաշտպանեն մարդկանց թվային անվտանգությունը:

Բացի այդ, եթե արտակարգ դրությունը նախատեսվածից ավելի է տևում, կառավարությունը պետք է պարբերաբար հսկի, որպեսզի հեռախոսազանգերի մասին տվյալները, որոնք արդեն անհրաժեշտ չեն, ոչնչացվեն: HRW-ը նաև նշում է, որ ակտիվիստները քննադատել են նախագիծը և կարծում են, որ այն չի կարող կանխել կորոնավիրուսի տարածումը:

Գոգիան շեշտել է, որ ՀՀ իշխանությունները մինչև հիմա հարգել են COVID-19-ով հիվանդների անձնական տվյալները: «Բայց որպեսզի նրանց հանդեպ վստահությունը պահպանվի, որն անհրաժեշտ է հանրային առողջության արդյունավետ կառավարման համար, պետք է բացատրեն` ինչպես են շարունակելու դա անել և երաշխավորեն, որ թվային վերահսկողության այս միջոցառումները խստորեն համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930