Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ Չինաստանի Սիան քաղաքի ղեկավարությունը կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարելու համար իրենց օգնությունն են առաջակել քույր քաղաք համարվող Գյումրիին։ Քաղաքապետը երեկ նամակ է ստացել Սիանից, չինական կողմը հետաքրքրված է, թե ինչ բժշկական օգնություն ուղարկի Գյումրի, ինչի՞ կարիք ունեն այստեղ (տես նամակը)։
«Ես թեստեր եմ ուզել, իհարկե, թիվ, քանակ չեմ նշել, բայց գիտեմ, որ մեր երկիրն այսօր թեստերի մեծ կարիք ունի», -ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին դեռևս փետրվարի 11-ին որոշեց 14 հազար 230 հատ դիմակ, 10 հազար հատ ձեռնոց, 20 հազար բախիլ, 1000 խալաթ ուղարկել Չինաստանին։ Գյումրիից ուղարկված մարդասիրական օգնության արկղերը կազմել էին է 320 կիլոգրամ ու ուղարկել էին հատուկ պատվերով՝ արագացված փոստով։
Գյումրու քաղաքապետն Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ իրենց ուղարկած օգնությունից հետո Սիան քաղաքից ջերմ նամակ էին ուղարկել՝ իրենց երախտագիտությունն ու մեծ շնորհակալությունը հայտնելով մարդասեր գյումրեցիներին։ Այսօր էլ, երբ Չինաստանը գրեթե հաղթահարել է վարակի տարածումն, ավելի բարվոք վիճակում է, որպես երախտագիտություն՝ ձեռք է մեկնում քույր քաղաքին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ