Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա տպավորություն, որ մենք փորձարկումների համար նախատեսված ճագարների դերում ենք հայտնվել». Ստեփան Դանիելյան. «Փաստ»

Ապրիլ 03,2020 13:16

Էֆեկտիվ կառավարման, խոսքի կարևորության, համախմբման և մի շարք անհրաժեշտությունների մասին է մատնանշում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որի հետ զրուցել ենք պատասխանատվության, ոչ ստանդարտ իրավիճակներում ավելի ցայտուն արտահայտվող խնդիրների, ինչպես նաև մի շարք օրինաչափությունների մասին, որոնք երբեմն անտեսվում կամ խախտվում են:

Քաղաքագետն էֆեկտիվ կառավարման խնդիրների, ինչպես նաև վերոնշյալ դրսևորումների մեջ ավելի խորքային պատճառներ է տեսնում, որոնք չեն տեղավորվում միայն ընդդիմախոսներին չլսելու, քննադատությունները հաշվի չառնելու տրամաբանության մեջ:

«Երբ մարդիկ առանց որևէ փորձի ու գիտելիքի փողոցից հայտնվում են կառավարման ամենաբարձր օղակներում, ապա այլ բան սպասել պետք չի։ Այլ հարց է, թե որքա՞ն ժամանակում կսովորեն կամ էլ առհասարակ չեն սովորի։ Բայց, այնուամենայնիվ, կա տպավորություն, որ մենք փորձարկումների համար նախատեսված ճագարների դերում ենք հայտնվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում դիտարկելով նաև նախորդ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում տեղի ունեցած որոշ քննարկումները, իշխանության ներկայացուցիչների վարքագիծը, Ստեփան Դանիելյանը շեշտեց ավելի լայն՝ միանձնյա կառավարման խնդրի մասին:

«Առհասարակ, միանձնյա կառավարումը միշտ էլ ցայտուն է եղել։ Մեկ անձ է ձևավորել խորհրդարանը և կառավարությունը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանին պարտական են և՛ դիրքի, և՛ պարգևավճարների համար։ Չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որոնք ինչ-որ հարցում կկարողանան կամք դրսևորել ու պաշտպանել սեփական տեսակետը»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ քաղաքական իրական պատկերը փոխվել է, և ներկայիս խորհրդարանը չի արտահայտում ներկայիս քաղաքական խճանկարը։ Ընդգծեց՝ դժվար է անգամ ասել, թե ով է մեծամասնությունը, ով՝ փոքրամասնությունը:

Մինչ այդ՝ այս փուլում Ստեփան Դանիելյանը համախմբման կարևորության մասին է ընդգծում, խոսում նաև այդ առումով ունեցած պատասխանատվության մասին:

«Պատասխանատվությունը միշտ էլ իշխանությանն է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ պատասխանատվություն է կրում։ Դա շատ ծանր բեռ է։ Այդուհանդերձ, մենք, բնականաբար, պետք է համախմբվենք այս ծանր փուլը հաղթահարելու համար։ Հիմա ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու ժամանակը չէ, բայց, իհարկե, դրա ժամանակն էլ կգա։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այսօրվա վիճակը, պետք է ենթարկվենք կառավարության որոշումներին, եթե անգամ դրանք սխալ են։ Պատերազմում հրամանատարի որոշումները չեն վիճարկում, սակայն մարտից հետո սկսվում են քննարկումները, նաև սխալների համար պատժի կիրառումը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մենք այսօր նմանատիպ իրավիճակում ենք, և այս պարագայում համախմբվածությունը առավել քան անհրաժեշտ է:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930