Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ Ալիևը հրապարակավ է խոստովանում նավթի գնանկման հետևանքով տնտեսության խնդիրների մասին, խոսում է, թե որքան լուրջ է իրավիճակն Ադրբեջանում. «Ժամանակ»

Ապրիլ 03,2020 13:03

Ադրբեջանի նախագահ Ալիևը այդ երկրի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը խոստովանել է, որ նավթի համաշխարհային գնի կտրուկ անկումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի տնտեսության համար: Նա հանձնարարել է ուժեղացնել պայքարը ստվերի դեմ: Իհարկե, մի շարք օֆշորային միջազգային սկանդալների անփոփոխ հերոս Ալիևի շուրթերից ստվերի դեմ պայքարի մասին լսելը ծիծաղ կառաջացնի որևէ մեկի, այդ թվում՝ ադրբեջանական հանրության մոտ, բայց դա, իհարկե, նրանց խնդիրն է: Այն, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ է խոստովանում նավթի գնանկման հետևանքով տնտեսության լուրջ հարվածի մասին, արդեն իսկ խոսում է, թե որքան լուրջ է իրավիճակն Ադրբեջանում, որ Ալիևը չի կարող կոծկել և չխոստովանել խնդիրները: Միաժամանակ, սակայն, խորքային խնդիրը հենց ստվերի դեմ պայքարն է, որի մասին խոսում է Ալիևը: Ինչ է դա նշանակում, այսպես ասած, ամբողջատիրական լեզվից թարգմանաբար: Դա նշանակում է, որ Ալիևը բարձրաձայնում է Ադրբեջանում իշխանության գինը կամ, այսպես ասած, փոփոխությունների գինը, և իշխող համակարգի համար այն վճարելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ նավթի գնանկումը և նավթադոլարների նվազումը Բաքվի համար սրում է այդ հարցը, հետևաբար նաև իշխող համակարգի կայունության հարցը: Իսկ քանի որ այդ համակարգն արդեն իսկ գտնվում է բավականին անկայուն, տրանսֆորմացիոն, ներկլանային պայքարի շրջանակում, առնվազն մոտ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, ապա նավթի գնանկումը և տնտեսական բարդությունը կարող է պարզապես առավել թեժացնել այդ պայքարը: Դրա արդյունքում Ադրբեջանում պաշտոնանկ են եղել դեռևս հայր Ալիևի շրջանից եկող ներքին քաղաքական, իշխանական խոշոր շնաձկներ՝ նախիջևանյան կլանից: Դրանց հեռացումը, անկասկած, Փաշաևների կլանի հաջողությունն է, որը Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնում է Մեհրիբան Ալիևային: Իլհամ Ալիևը ավելի ու ավելի քիչ ռեսուրս ունի այդ գործընթացին դիմադրելու համար: Նրա հույսը, թերևս, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է, որը, սակայն, բոլորովին նպաստավոր չէ:

Ստվերի դեմ պայքարի մասին հայտարարությունը վկայում է, որ Ալիևը չի հանձնվելու և փորձելու է գրոհել: Կասկածից վեր է, որ պայքարը առաջին հերթին վերաբերելու է իշխող համակարգում ոչ յուրայիններին, այսինքն՝ Փաշաևների կլանի դիրքերին: Որքան կհաջողվի, պարզ չէ, սակայն ամբողջատիրական համակարգերում այդօրինակ գործընթացները, որքան էլ միտված են լինում դրությունը վերականգնելուն, այդուհանդերձ, ավելի քայքայում են համակարգերը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930