Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կոալիցիոն կառավարման առնչությամբ քննարկումներ չեն անում

Ապրիլ 03,2020 12:45

Մարտի 31-ին կայացած Արցախի հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլի շեմը հաղթահարած «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն առայժմ չի ցանկանում անդրադառնալ շրջանառվող լուրերին, որ երկրորդ փուլում իր մրցակից, «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանը հնարավոր է հրաժարվի մրցակցությունից: Երեկ ողջ օրը շրջանառվող այդ լուրերն, ի դեպ, հաստատել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածությունը սատարած «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Իսկ Մասիս Մայիլյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այժմ քաղաքական խորհրդատվություններ են անցկացնում , որոշումների մասին առաջիկայում կտեղեկացնեն:

Արայիկ Հարությունյանը գերադասում է սպասել Մասիս Մայիլյանի պաշտոնական հայտարարությանը: Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Հարությունյանն ասաց լսել է նման խոսակցություններ, բայց մեկնաբանություններ չի անի`քանի դեռ Մասիս Մայիլյանը պաշտոնական հայտարարություններ չի արել:

Լուրեր կան նաեւ, որ չի բացառվում կոալիցիոն կառավարման տարբերակը Արցախում, քանի որ «Ազատ հայրենիքի» հավաքած ձայները հնարավորություն չեն ընձեռում միանձնյա կառավարման համար, թեեւ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն են կազմելու: Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը չի պաշտպանելու թեկնածուներից որեւէ մեկին`«գաղափարական տարաձայնությունների եւ տեսակային տարբերության» պատճառով, այսինքն, գործելու են ընդդիմադիր դաշտում: Կոալիցիոն կառավարում իրականացնելու հավակնորդները մնում են Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն`Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Արայիկ Հարությունյանը վստահեցնում է`ոչ մի ուժի կամ անձի հետ որեւէ բանակցություն չի ընթանում: Արայիկ Հարությունյանն իր անելիքները կհստակեցնի` պաշտոնական հայտարարություններից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում էլ Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլի մասին հայտնել է. «Քարոզարշավ չենք իրականացնելու՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ: Մենք որոշում ունենք, որ հանդիպումներ չենք անելու այս ժամանակահատվածում»: Նաեւ հավելել է. «Մենք այս ընթացում կազմակերպչական հարցեր ենք իրականացնելու, շտաբներում ենք մեր անելիքներն իրականացնելու, այսինքն՝ գնալ քարոզչություն անել դա չենք անելու: Շատ հանդարտ, հանգիստ վիճակ, անհանգստանալու որեւէ բան չկա: Եղել են տարածքներ, որտեղ չեմ կարողացել քարոզչության ժամանակահատվածում լինել, բայց այս ընթացքում էլ չեմ կարողանա գնալ՝ կորոնավիրուսով պայմանավորված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930