Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախապես տեղեկություն ունեինք». ի՞նչ են պատմում Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան դեպքերի սկզբի մասին

Ապրիլ 03,2020 12:18

«2016թ. մարտի վերջին օրերին ես գտնվում էի ԱՄՆ-ում՝ ատոմային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպեցի ԱՄՆ փոխնախագահի եւ պետքարտուղարի հետ, որի ընթացքում քննարկում էինք ԼՂ խնդրի հետ կապված հարցեր: Ավարտից հետո զանգեցի Բակո Սահակյանին՝ նրան տեղեկացնելու բանակցությունների ընթացքի մասին»,-«5-րդ ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան ապրիլի 2-ին էր, ապրիլյան ռազմական գործողություններին նախորդած դեպքերի մասին այսպես է պատմում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հավելում է. «Բանակցային գործընթացի մասին տեղեկությունները փոխանցվում էին Արցախին, եւ Սերժ Սարգսյանի այդ հանդիպումը բացառություն չէր: ՀՀ նախագահն ամփոփ տեղեկություններ հաղորդեց: Ժամեր հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք վերածվեցին պատերազմական գործողություների»:

Ապա 2016թ.-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն է պատմում. «Մենք նախապես տեղեկություն ունեինք, որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը հնարավոր է՝ գործողություններ ձեռնարկեն: Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը մինչ այդ այնքան էին գործում, որ դա մեր սովորական բանակային կյանքն էր դարձել: Հրահանգ տրվեց, պաշտպանության բանակի հրամանատարն էլ իր հրամանն արձակեց, բոլորը սպասման մեջ էին: Ուժեղացված ծառայություն էր, հաստատ այդպես էր: Դեռ նախորդ օրը՝ ապրիլի մեկի երեկոյից արդեն, այդ ամենը կատարվեց: Գիշերը տանն էի, ինձ զանգահարեց օպերատիվ վարչության պետը, զեկուցեց, որ Ղարաբաղից տեղեկություն են ստացել, որ ամբողջ ճակատով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններ են, մարտեր են մղվում: Ես չսպասեցի ծառայողական մեքենայի, չկանչեցի այն, արագ հագնվեցի, սեփական մեքենա ունեի, մոտ 15, գուցե 18 րոպե անց արդեն իմ աշխատասենյակում էի: Ի դեպ, առաջիններից մեկը ժամանեցի, գուցե՝ ամենաառաջինը, քանի որ օպերատիվ վարչության պետի հետ աստիճանավանդակի մոտ հանդիպեցինք: Հրահանգեցի, որ սպաները հավաքվեն եւ անցա մարտական կառավարման կենտրոն՝ կառավարչական անձնակազմի հետ»:

2016թ.-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ պատմում է. «ԳՇ պետի կողմից զանգ ստացա: Գաղտնի խոսակցական աղյուսակի միջոցով ԳՇ պետը բացատրեց իրադրությունը: Միանգամից գնացի այն վայրը, որտեղ գտնվում էր ԶՈՒ ղեկավարությունը: ԳՇ պետը, որն ավելի վաղ մարտական կառավարման կենտրոնում էր, իրադրության մեջ էր, ղեկավարում էր այդ գործողությունները: Նա զեկուցեց իրադրության մասին: Փորձեցի կապնվել ՀՀ-ից դուրս գտնվող նախագահի հետ, ասացին, որ ինքնաթիռում է»:

Հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է շարունակում. «Փառք աստծո, արդեն 2016թ.-ին հնարավոր է նաեւ ինքնաթիռից հեռախոսազրույց ունենալ: Զեկուցվեց, որ ադրբեջանցիները մարտական գործողություններ էին սկսել ԼՂ ՊԲ հյուսիսային եւ հարավային հատվածներում, որը միտում ունի վերածվելու լայնածավալ մարտական գործողությունների: Նա նաեւ տեղեկացրեց, որ գործողության մեջ է դրվել արդեն պաշտպանական օպերացիայի պլանը: Իհարկե, այդ պահից սկսած՝ ես պարբերաբար տեղեկություններ էի ստանում, այդ թվում՝ ԼՂ նախագահ Բակո Սահակյանից եւ ՊԲ հրամանատար Մնացականյանից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930