Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ մարդ, դե ինչ ասում ենք, արեք, էլի». դեպքերը Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով են զարգանում. «Հրապարակ»

Ապրիլ 03,2020 12:25

Փաստորեն, Հայաստանում իրադարձությունները զարգանում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախանշած սցենարով: Հիշեցնենք, որ նա դեռ մարտի 13-ին կորոնավիրուսի համաճարակին վերաբերող իր գրառումներից մեկում կառավարությանն առաջարկել էր ազատ արձակել բոլոր դատապարտյալներին, բացի հայրենիքի դավաճանության, սպանության համար եւ մի քանի այլ ծանր հոդվածներով պատիժը կրողներից: Իր այս միտքը նա կրկնել է մարտի 23-ին:

«Մենք ունենք 5000 կալանավոր: Եթե բանտերում մնան միայն ծանր հանցանքներ գործած 1000 հոգին, ապա կազատվեր Արմավիրի ՔԿՀ-ի շենքը, որն ամենամեծ գաղութն է եւ հարմար շենք է՝ մեկուսացման պայմանները հաշվի առնելով: Կարելի էր ազատել նաեւ «Կոշ» ՔԿՀ-ն եւ բավարարվել միայն «Էրեբունի» ՔԿՀ-ով: Իրենք ինձ պատասխանել են, որ կալանավորներն ապահով փակված են, մինչդեռ կորոնավիրուսը բերում են աշխատողները: Պատահական չի, որ հենց աշխատողների մոտ է այն հայտնաբերվել»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Երեկ նա նոր ստատուս գրեց. «Այ մարդ, դե ինչ որ ասում ենք, արեք, էլի։ Թե չէ 1 օրում մեզ մոտ վարակվում են այնքան, ինչքան Վրաստանում 1 ամսում»:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից ամիսներ առաջ նա զգուշացնում էր, որ ամեն պատեհ առիթի դեպքում հայկական դրամը գահավիժելու է, եւ տնտեսության զարգացման միակ ելքը դրամի կուրսը բարձրացնելն է: «Միակ ելքը, որ Կենտրոնական բանկն սկսի արագորեն գնել դոլար, աստիճանաբար բարձրացնի դրամի կուրսը, որ տնտեսությունն աշխատի: Այլապես փլվելու է, երբ դա եղավ, մի օրում տեղի կունենա կենսամակարդակի 2.5-3 անգամ անկում: Դուք դարձնում եք Հայաստանը տնտեսական գերեզման, եթե այսպիսի փոփոխություններ չեք անում»,- ասում էր Հրանտ Բագրատյանը, հերթական անգամ արժանանալով ֆեյքերի բանակի գրոհին:

Իսկ իմքայլական պատգամավորները՝ Գեորգի Պապոյանը, Արտակ Մանուկյանը, հեգնական մեկնաբանություններ էին անում, Բագրատյանին անվանելով դեֆոլտ գուժող տնտեսագետ, հարցնում էին՝ պարոն պրոֆեսոր, բա ինչո՞ւ դրամը չի գահավիժում: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում մեկ շաբաթվա ընթացքում դոլարի արժեքը 485-488 դրամից հասավ 506-510 դրամի: Հիմա էլ մենք ենք ուզում հարցնել հարգելի իմքայլական տնտեսագետներին՝ պարոնայք, ինչո՞ւ չեք ներողություն խնդրում Բագրատյանից:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930