Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն իր ուղիղ մասնակցությունը պետք է ունենա, որպեսզի բեռը համարժեք կիսվի գործատուների, աշխատողների և պետության միջև». «Փաստ»

Ապրիլ 03,2020 11:47

Առկա ճգնաժամային իրավիճակում, երբ կա նաև հնարավոր տնտեսական հետևանքների որոշակի պատկեր, կառավարությունը շարունակում է տնտեսական ու սոցիալական փաթեթներ ներկայացնել: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, աջակցության այն գործիքները, որոնք միտված են լինելու տնտեսական ճգնաժամային իրավիճակի գնահատմանը, միտված են տնտեսվարող սուբյեկտների համար որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու հասանելիությանը:

«Իրականում կառավարության ծրագրերը մեկը մյուսից մի քիչ տարբեր են, բայց, մեծ հաշվով, կա՛մ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում են, կա՛մ գործատուին միանվագ ինչ-որ աջակցության ձևեր, որոնք համարժեք չեն գործատուի կողմից ակնկալվող ծախսին: Իսկ եթե համարժեք չեն, ապա վնասը կրկին մնում է տնտեսական արդյունք ստեղծողների՝ գործատուի և աշխատողի ուսերին: Պետությունն այդ ծախսերն իր վրա վերցնելու ուղիղ մասնակցային դերը հնարավորինս փորձում է նվազեցնել՝ փոխարենն առաջարկելով փոխատվական ու արտոնյալ միջոցներ: Չեմ կարծում, որ սա կլուծի խնդիրը, հատկապես, երբ վիրուսով պայմանավորված այս իրավիճակը երկարաձգվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նման դեպքում հնարավոր է ուղղակի գործունեության դադարեցումներ լինեն:

«Սա ամենավատ սցենարը կլինի, որի դեմն առնելու համար պետությունը պետք է իր ուղիղ մասնակցությունը բերի. «Կարճ ասած՝ պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի: Մասնավորապես, կա՛մ կարող է հարկային բեռը ժամանակավորապես նվազեցնել, կա՛մ փոխատվական միջոցներ տրամադրելու փոխարեն, օրինակ, աշխատավարձի վճարման հարցում իր ուղիղ աջակցությունը տրամադրել:

Այս ճանապարհը ձեռնտու է նաև հենց պետության համար, քանի որ եթե տնտեսվարողները գործունեությունը դադարեցնելու կամ լուծարման որոշում կայացնեն, հարկեր չեն վճարվելու, իսկ աշխատանքից ազատվածների սոցիալական բեռը ևս կրելու է պետությունը: Օր առաջ պետք է կանխարգելել այս սցենարը՝ պետությունն իր ուղիղ մասնակցությունը պետք է ունենա, որպեսզի բեռը համարժեք կիսվի գործատուների, աշխատողների և պետության միջև»:

Հարցին՝ վերոնշյալն իրականացնելու համար ի՞նչ ռեսուրսներ, մասնավորապես, ֆինանսական ի՞նչ հնարավորություններ ունենք, Թ. Ավետիսյանը պատասխանեց. «Հիմա ճգնաժամային իրավիճակ է, և անորոշությունն այն աստիճանի է, որ որևէ մեկը չի կարող հստակ կանխատեսել՝ ո՞ր սցենարը կյանքի կկոչվի, ինչպիսի՞ հետևանքներ կունենանք, ու որքա՞ն սա կտևի: Այս պարագայում պետք է առաջնորդվել հետևյալ տրամաբանությամբ. խնդիրը ոչ թե հետևանքները վերացնելու, այլ կանխարգելման վրա պետք է դրվի: Օրինակ՝ չպետք է սպասել, տեսնել, թե քանի մարդ է ազատվում աշխատանքից, քանի ընտանիք է այդ պատճառով դառնում աղքատ, որ հետո նրանց աղքատության նպաստ տանք: Ծախսերն ամբողջությամբ պետք է կոնսոլիդացվեն ու ծառայեցվեն կանխարգելմանը: Կանխարգելման պարագայում նվազ կլինի թե՛ պետության բեռը, թե՛ տնտեսական ու սոցիալական հետևանքները: Սա շատ կարևոր է հատկապես սահմանափակ ռեսուրսների պարագայում:

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին եղած ռեսուրսները պետք է առավելագույն արդյունավետությամբ ծախսվեն: Չպետք է լինի որևէ ծրագիր, որում ձևակերպված նպատակն ու իրականացման մեխանիզմն իրարից տարբեր լինեն: Օրինակ՝ երբ աշխատանքը կորցրած մարդկանց միանվագ դրամական աջակցություն ես տալիս, դա խնդրի լուծում չէ:

Նույն 100 հազար միանվագ դրամական աջակցությունը բավարար չի լինի անգամ երկու անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղի ձեռքբերման համար: Միանվագ աջակցությունը միանշանակ համարժեք չէ այս իրավիճակին:

Այդ աջակցությունը պետք է շատ հստակ ու թիրախավորված խմբերին տրվի, ու պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս իրավիճակը հաղթահարված չէ: Մեծ հաշվով, երբ կան ոչ համարժեք ծրագրեր, հաշվի չի առնվել օբյեկտիվ իրավիճակը, կա ռիսկ, որ վերոնշյալ միջոցները պարզապես կփոշիանան»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930