Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բոլորն անելիք ունեն

Ապրիլ 03,2020 10:00

Քանի որ երեկ առավոտյան հայտարարվեց, որ նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք, կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանում վարակի տարածումն արագացել է: Ինձ թվում է՝ իրատեսական է այն կանխատեսումը, որ մի քանի օրից վարակվածների քանակը կհասնի մոտ երկու հազարի: Այս պայմաններում չեմ կարծում, որ իմաստ կունենա ամեն դեպքի «ծագումնաբանությունը» հետազոտելու: Երբ դա մի Էջմիածին էր եւ մի հարսանիք, կարելի էր մանրամասնորեն հետեւել «վարսավիր-ոսկերիչ-բարեկամներ» շղթային՝ իր ճյուղավորումներով: Երբ կա մի քանի տասնյակ օջախ, դրա վրա, կարծում եմ, ժամանակ եւ ռեսուրսներ չարժե ծախսել:

Փոխարենը պետությունը պետք է կենտրոնանա արտակարգ դրության ռեժիմի խախտումները բացառելու վրա: Գուցե սահմանի ավելի խիստ պատիժներ այն քաղաքացիների համար, որոնք առանց ծայրահեղ անհրաժեշտության հայտնվում են փողոցում, ուժեղացնի վերահսկողությունը աշխատող հիմնարկներում: Եվ, ինչպես գրել էի նախորդ հրապարակման մեջ, սահմանի պարետային ժամ: Տրամաբանությունը պարզ է. 2 հազար նոր մահճակալ մեր առողջապահական համակարգը կարող է ստեղծել, 4 կամ 8 հազար՝ դժվարությամբ եմ պատկերացնում: Եթե նույնիսկ դա հնարավոր է՝ բուժօգնության որակն այս պարագայում կընկնի:

Հատկապես պետք է խիստ լինել նրանց նկատմամբ, ովքեր, օգտվելով առիթից, փորձում են օրենք խախտել եւ «իրենց գործերն առաջ քցել»՝ սկսած գներ բարձրացնելուց, հարկեր չվճարելուց՝ վերջացրած ապօրինի շինարարություն նախաձեռնելով: Այդպիսիներին, կարծում եմ, պետք է պատասխանատվության ենթարկել տվյալ իրավախախտման համար նախատեսված պատժի առավելագույն չափով:

Մեր քաղաքացիներն էլ պետք է, վերջապես, լրջանան եւ փոխեն իրենց վարքը: Երիտասարդները, որոնք այժմ «անիմաստ լռվում են» փողոցում, պետք է հասկանան այդ «խիզախության» եւ տարեց ու հիվանդ մարդկանց մահվան միջեւ ուղիղ պատճառահետեւանքային կապը: Եվ հակառակը՝ ով հիմա տանն է նստում, նա ոչ վախկոտ է, ոչ թույլ է, ոչ էլ՝ ծույլ: Իր մեկուսանալով եւ տարածման շղթային չմասնակցելով, նա ուղղակի կյանք է փրկում՝ առանց չափազանցության:

Մտավորականները, բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն, նույնպես, հավանաբար, պիտի կատարեն իրենց գործառույթը: Պարտադիր չէ, որ ինչ-որ «քաջալերող խոսքեր» ասվեն, մարդիկ կարող են գործել իրենց մասնագիտության շրջանակներում եւ օն-լայն հարթակում: Ինձ շատ է ոգեւորում, օրինակ, որ Սմբատ Գոգյանն այս օրերին «աշխատում է» ոչ թե որպես ԲՈԿ-ի նախագահ, այլ՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Այն հանգամանքը, որ մաթեմատիկան շատ գեղեցիկ գիտություն է, ինձ, օրինակ, «դուխ է տալիս»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նպատակներ, գործողություններ այդ նպատակներին հասնելու համար եւ արդյունքները գրանցել հաջողության պատմության գրքում: Սկզբից կլինեն անհաջողությունների գրանցումները, հետո դրանց զարգացումը հետընթաց կապրի ու կսկսվի անընդմեջ հաջողությունների փուլը, որը համաճարակի նման կսկսի աճել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930